Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը, պաշտոնեական լիազորություններն օգտագործում է մրցակից քաղաքական ուժերի թեկնածուների նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» դաշինքը։
Սպիտակում ավագանու ընտրությունները նախատեսված են 2026-ի նոյեմբերի 29-ին։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։
«Անկախ դիտորդի» հաղորդմամբ՝ ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, ութ բնակավայրերի վարչական ղեկավարներ և համայնքապետարանի վեց աշխատակից։
«Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրվել են համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը և վեց բնակավայրերի վարչական ղեկավարներ։
Դաշինքի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Հովիկ Հովհաննիսյանը։
«Անկախ դիտորդը» նշում է, որ Հովհաննիսյանն այդ ժամանակ արձակուրդում է եղել, իսկ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին որոշումը չի պարունակել որևէ պատճառաբանություն։ Ըստ հայտարարության՝ չեն պահպանվել նաև ծանուցման ժամկետները։
«Ավագանու թեկնածուների գրանցման օրը՝ 2026-ի հոկտեմբերի 30-ին, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը որոշում է կայացրել զբաղեցած պաշտոնից ազատել նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներ Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։ Այս որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմավորումներ»,- ասված է հայտարարության մեջ։
«Անկախ դիտորդը» նաև բարձրաձայնում է, որ համայնքապետը հոկտեմբերի 30-ի գրությամբ բնակավայրերի վարչական ղեկավարներին հորդորել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ձեռնպահ մնալ արձակուրդից՝ «աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու անխափան ընթացքն ապահովելու նպատակով»։
Դաշինքը պնդում է, որ այս պահանջը կարող է սահմանափակել ընտրություններին մասնակցող վարչական ղեկավարների՝ նախընտրական քարոզչությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունը։
«Անկախ դիտորդի» գնահատմամբ՝ Քաջայր Նիկողոսյանն իր լիազորություններն օգտագործում է մրցակից կուսակցության թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով՝ ի շահ իրեն օգտագործելով վարչական ռեսուրսը։
Դաշինքի ներկայացրած մեղադրանքների վերաբերյալ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը կամ համայնքապետարանը դեռևս չի արձագանքել։
Ի դեպ, օգոստոսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) արձանագրել էր, որ Քաջայր Նիկողոսյանը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները՝ լրագրողի հետ հաղորդակցվելիս դրսևորած վարքագծի պատճառով։
Վարույթը հարուցվել էր «Ազատություն» լրատվամիջոցի՝ 2026 թվականի մայիսի 19-ի «Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը» հրապարակման հիման վրա։
Տեսանյութում լրագրող Կարինե Սիմոնյանը հարց է ուղղում Քաջայր Նիկողոսյանին՝ «Բան ունե՞ք ասելու, պարոն Նիկողոսյան»։ Ի պատասխան՝ վերջինս ասում է. «Քեզ՝ առավել ևս ոչ, Ձեզ՝ առավել ևս ոչ։ Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ։ Հասկացողին են ասում»։












