Նոյեմբերի 4-ի վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Այս մասին հայտնում է կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը։ Նրա տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 65 հասցեում։
Քննչական կոմիտեն առայժմ չի մանրամասնել, թե ինչ քրեական գործի շրջանակում են իրականացվում խուզարկությունները, ովքեր են վարույթում ներգրավված անձինք և ինչ են փնտրում քննիչները։ Պաշտոնապես չի հստակեցվել նաև՝ արդյոք բոլոր 65 հասցեներում իրականացվող խուզարկությունները կապված են Կարապետյան ընտանիքի հետ։
Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025-ի հունիսին՝ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև լարվածության ֆոնին եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո։ Նրան սկզբում մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, հետագայում՝ նաև հափշտակության, հարկերից խուսափելու և փողերի լվացման համար։ Դեկտեմբերին նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Գործը դատարանում է։ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքները։
Նարեկ Կարապետյանի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցված։ 2026-ի օգոստոսին նրա և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքները վերաբերում են «Մեր ձևով» ՀԿ-ի միջոցով ենթադրյալ ապօրինի ֆինանսական գործունեությանը, փողերի լվացմանը և հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելուն։











