Գլխավոր Լրահոս

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին՝ մերժելով «ալիևյան սահմանադրությունը»

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին՝ մերժելով «ալիևյան սահմանադրությունը»

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին՝ որպես առաջնային նպատակներ նշելով «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը», խաղաղությունը՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության ու Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը և ժողովրդավարական իրավունքների վերականգնումը։

Միասնական հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 4-ի ուշ երեկոյան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած փակ հանդիպումից հետո։ Այն ընթերցել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին»,- ասվում է փաստաթղթում։

Հայտարարությամբ սահմանվում են համախմբման չորս առաջնային նպատակները՝

  • «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում»։

  • «Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների»։

  • «Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն»։

  • «Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։

Քաղաքական ուժերը համաձայնել են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։

«Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»,- նշվում է հայտարարությունում։

Ներկայացված ստորագրությունների էջում նշված են 13 քաղաքական ուժեր՝ «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայաքվե», «Հայաստան» դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն», «Նոր դարաշրջան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։

Հայտարարությունում չի հստակեցվում, թե ինչ կազմակերպական ձևաչափ է ունենալու համախմբումը և ինչ համատեղ գործողություններ են նախատեսվում։

Ընդդիմադիր ուժերի համախմբումը տեղի է ունենում նոր Սահմանադրության ընդունման շուրջ իշխանության և ընդդիմության տարաձայնությունների պայմաններում։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը՝ պնդելով, որ դրանում իր նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Բաքուն սահմանադրական փոփոխությունը համարում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։

Հայաստանի իշխանությունները հերքում են, թե նոր Սահմանադրության ընդունումը թելադրված է Ադրբեջանի պահանջով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը Սահմանադրության հարցը չի պատրաստվում քննարկել Ադրբեջանի կամ որևէ այլ արտաքին սուբյեկտի հետ։ Միաժամանակ, վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղում չի լինելու։

Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երկու երրորդի՝ 70-ի աջակցությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, հետևաբար իշխանությանը պակասում է վեց ձայն։ Խորհրդարանական «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն աջակցելու իշխանության նախաձեռնությանը։

Հոկտեմբերի 22-ին Փաշինյանը չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը։ Հոկտեմբերի 28-ին էլ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկել էր աջակցել նախագիծը հանրաքվեի դնելուն՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում իշխանությունները հրաժարական կտան։

Ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հանդիպմանը նախորդել էր նույն օրը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ Վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ էին իրականացնում Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ պատգամավոր Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Շուրջ յոթ ժամ տևած խուզարկությունից հետո Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները Սամվել Կարապետյանին առանձնատնից տեղափոխել էին Քննչական կոմիտե։ Ավելի ուշ ՔԿ-ն հաստատել էր նրա ձերբակալությունը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը շուրջ 64,5 մլրդ դրամի ենթադրյալ վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և փողերի լվացման գործով։

Նոյեմբերի 4-ի երեկոյան Քննչական կոմիտեն Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Նոյեմբերի 5-ին Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իրավապահների գործողությունները որակել է քաղաքական հետապնդում՝ դրանք կապելով Սահմանադրության փոփոխության հարցում իր դիրքորոշման հետ։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա մեղավորությունը դատարանով հաստատված չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում