Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են տրանսպորտային համագործակցությունը

Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են տրանսպորտային համագործակցությունը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային։ Կողմերը քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից երրորդ երկրի փոխանցելու հնարավորության շուրջ քննարկումների ֆոնին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը կարող է Ռուսաստանից գնել երրորդ երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ։ Որպես հնարավոր տարբերակ նա նշել էր Ղազախստանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններն ու Կատարը։

Վարչապետն իր առաջարկը հիմնավորել էր նրանով, որ Ռուսաստանի կառավարման ներքո գտնվող երկաթուղին կարող է կորցնել միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրվելու հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև լարված հարաբերությունների պատճառով միջազգային բեռնափոխադրողները կարող են նախընտրել Հայաստանը շրջանցող երթուղիները։

Ապրիլի 9-ին Փաշինյանը, անդրադառնալով երկաթուղու կառավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությանը, հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում ձեռնարկել և շարունակելու է երկխոսությունը Մոսկվայի հետ։

Հոկտեմբերին վարչապետը հայտնել էր, որ կառավարությունն ունի երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքեր, սակայն նախընտրում է հարցը լուծել փոխադարձ համաձայնությամբ՝ կառավարման իրավունքը վաճառելով երկու երկրների համար ընդունելի երրորդ կողմի։

Հոկտեմբերի 14-ին Փաշինյանն ընդունել էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին։ Հանդիպման արդյունքներով ստեղծվել է հայ-ռուսական աշխատանքային խումբ՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու և եռամսյա ժամկետում դրանց հնարավոր ։

Հայաստանի երկաթուղային ցանցը 2008-ից կառավարում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղին»։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում