Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նոյեմբերի 6-ին հրապարակված կարգադրության համաձայն՝ քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի ծառայողական պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ուսումնասիրել նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունը։
Ծառայողական քննությունն անցկացնելու համար կձևավորվի հանձնաժողով, որը պետք է աշխատանքներն ավարտի 20-օրյա ժամկետում։
Կարգադրությունում չի նշվում, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են հիմք դարձել ծառայողական քննություն նշանակելու համար։












