Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստանը» ԵՄ-ից արձագանք է ակնկալում Գևորգյանի մահվան դեպքին

«Ուժեղ Հայաստանը» ԵՄ-ից արձագանք է ակնկալում Գևորգյանի մահվան դեպքին

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 11-ին բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև՝ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով։ Ակցիայի մասնակիցները եվրոպական կառույցներից ակնկալում են արձագանք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Ստեփանավանի համայնքապետի նախկին թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։ Պահանջում են նաև պատասխանատու պաշտոնյաների հրաժարականները և նույն քրեական գործով կալանավորված մյուս մեղադրյալների ազատ արձակումը։

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը հայտարարել է, որ հավաքն ուղղված չէ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի կամ պատվիրակության դեմ։ Նրա խոսքով՝ Մարագոսն արդեն տեղեկացված է դեպքից, իսկ մանրամասները եվրոպացի գործընկերներին կներկայացվեն նաև գրավոր։

«Միանշանակ պետք է լինեն հրաժարականներ»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով պատասխանատու պաշտոնյաների հրաժարականների վերաբերյալ լրագրողի հարցին։

Պատգամավորը քննադատել է քրեակատարողական հիմնարկներում պահման և բուժօգնության պայմանները՝ պնդելով, որ նախկինում բարձրաձայնված խնդիրները չեն լուծվել։ Նա նաև կալանքը համարել է Գևորգյանի և նույն գործով մյուս մեղադրյալների նկատմամբ չափազանցված խափանման միջոց։

«Մենք անդադար բարձրաձայնում ենք այն, որ կալանքը դա պատիժ չի, խափանման միջոց է»,- հայտարարել է Հարությունյանը՝ քրեական հետապնդումը որակելով քաղաքական դրդապատճառներով իրականացվող։

Հարությունյանը պնդել է, որ Գևորգյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, սակայն նշել է, որ մինչև դիահերձման եզրակացությունը մահվան դեպքին իրավական գնահատական տալը ճիշտ չէ։

Գևորգյանի մահը և քրեական գործը

Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ի առավոտյան՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ հոկտեմբերի 21-ից կալանքի տակ էր։

Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ ինքնազգացողության վատթարացումից հետո նրան առաջին օգնություն է ցուցաբերել հերթապահ բուժակը։ Ժամը 7։55-ին շտապօգնություն են կանչել, որի անձնակազմը ժամը 8։30-ի սահմաններում արձանագրել է Գևորգյանի մահը։ Մինչդեռ «Ուժեղ Հայաստան»-ի փաստաբանական թիմը պնդում է, որ շտապօգնության բժիշկները կալանավայր են մտել նրա մահից հետո։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Գևորգյանը նախկինում առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնել։

Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից առաջ, ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նա չէր ընդունում մեղադրանքը, իսկ կուսակցությունը քրեական հետապնդումը համարում էր քաղաքական։

Մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ ևս ուսումնասիրություն է սկսվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում