Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Կառավարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունների ակտիվ զարգացումը՝ նշելով, որ վերջին շրջանում բարձր մակարդակի երկկողմ շփումները պարբերական բնույթ են ստացել։
Ըստ հաղորդագրության՝ վարչապետները վստահություն են հայտնել, որ նման շփումները կնպաստեն տարբեր ոլորտներում հայ-էստոնական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը։ Փաշինյանն ու Միխալը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։











