«Գիտուժ» նախաձեռնությունը ողջունում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կազմի համալրումը։ Ողջունում ենք նաև, որ ընտրության նոր կանոնները թեկնածուների համար սահմանում են հստակ գիտական պահանջներ, մասնագիտական գնահատում և բաց քվեարկություն յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ։
2026-ի սեպտեմբերի 8-ին ԳԱԱ-ն ընտրեց 31 ասոցացված անդամ՝ գրեթե 12 տարվա դադարից հետո համալրելով իր հայաստանյան կազմը։ Անդամության այս կատեգորիան սահմանվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով։ Նոյեմբերի 10-ին նրանց և նորընտիր արտասահմանյան անդամներին հանձնվեցին դիպլոմները։
«Գիտուժ»-ի վերլուծությամբ՝ ընտրություններից առաջ ԳԱԱ-ում 60 տարեկանից երիտասարդ անդամ չկար, այժմ կա 19 անդամ։
ԳԱԱ-ի որոշ անդամների հոդվածներին ավելի հաճախ են հղում անում, քան նրանց բնագավառի համաշխարհային միջինն է։ Այդպիսի անդամների մասնաբաժինը ընտրություններից առաջ 16% էր, այժմ՝ 36%։
Այս առաջընթացը ողջունելը չի փոխում մեր գնահատականը երկու կարևոր հարցում։
Բարեփոխումները կարող էին սկսվել տարիներ առաջ։ 2021-ի վերջին «Գիտուժ»-ի միջնորդությամբ կայացած հանդիպմանը ԳԱԱ-ի և ԿԳՄՍ նախարարության ղեկավարությունները փոխզիջման եկան ու պայմանավորվեցին սկսել բարեփոխումները։ Դրա համար բավական էին այն ժամանակ գործող օրենքի սահմանափակ փոփոխությունները, սակայն կառավարությունը բարեփոխումները հետաձգեց մինչև նոր օրենքի ընդունումը։
Շարունակում ենք համարել, որ ԳԱԱ համակարգից բոլոր հետազոտական ինստիտուտները միանգամից դուրս բերելը բավարար չափով հիմնավորված չէ։ Մեր գնահատմամբ՝ չի ներկայացվել համակողմանի վերլուծություն, որը կքններ համակարգի արդյունավետությունը, այլընտրանքներն ու այդ քայլի հետևանքները։
Կազմի համալրումը առաջին քայլն է․ հիմա ԳԱԱ-ն պետք է զարգացնել ու հզորացնել։ Այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի և պետք է համախմբի երկրի գիտական ներուժը։ ԳԱԱ-ն պետք է պետությանն ու հասարակությանը տրամադրի անկախ, գիտահեն խորհրդատվություն և հանրայնացնի գիտությունը։ Այն պետք է զարգացնի միջազգային գիտական համագործակցությունը, այդ թվում՝ սփյուռքի գիտնականների հետ։ Այս գործառույթներն արդեն ամրագրված են օրենքում ու կանոնադրությունում։
ԳԱԱ-ին կոչ ենք անում ամբողջությամբ իրականացնել իր գործառույթները, զարգացնել գիտական դիվանագիտությունը և նպաստել հետազոտությունների արդյունքների գործնական կիրառմանը։ ԳԱԱ-ի անդամությունը պետք է նշանակի գիտական նվաճումների ճանաչում և պատասխանատվություն հանրության առջև։ Կոչ ենք անում նաև ԳԱԱ-ի ղեկավարությանն ու անդամներին շարունակաբար համալրել կազմը, կատարել անկախ փորձագիտական աշխատանք և հաշվետու լինել հանրությանը։
Կառավարությանը, Ազգային ժողովին, Անվտանգության խորհրդին և պետական մյուս մարմիններին կոչ ենք անում լայնորեն օգտվել ԳԱԱ-ի անկախ գիտական խորհրդատվությունից՝ քաղաքականություններ մշակելիս ու որոշումներ ընդունելիս, և հետևողականորեն ներդրումներ անել նրա կարողությունների զարգացման մեջ։ Կոչ ենք անում նաև ԿԳՄՍ նախարարությանն ու կառավարությանը ժամանակին հաստատել ընտրությունների կարգն ու արդյունքները, որպեսզի կազմի համալրումը չհետաձգվի։
«Գիտուժ» նախաձեռնություն












