Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորեքշաբթի խոստացել է պայքարել առևտրային պրոտեկցիոնիզմի դեմ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է արևմտյան պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը։ Այս հայտարարություններից հետո Չինաստանի Շենչժեն քաղաք է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հինգշաբթի երեք առաջնորդները եռակողմ հանդիպում կունենան։
Ելույթները հնչել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովից առաջ։
Սին անձամբ է դիմավորել Թրամփին օդանավակայանում։ Reuters-ի փոխանցմամբ՝ նախագահ դառնալուց ի վեր նա առաջին անգամ է այդպես դիմավորում այցելող առաջնորդի։ Սին այդ կերպ պատասխանել է Թրամփի ժեստին․ սեպտեմբերին ԱՄՆ նախագահն իր չինացի պաշտոնակցին անձամբ էր դիմավորել Էնդրյուս ռազմաբազայում։
«Չինաստանը էթիկետի երկիր է և ունի փոխադարձ քաղաքավարության ավանդույթ», Xinhua պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սին։ Թրամփն էլ, ըստ գործակալության, նշել է, որ Սիի հետ իր բոլոր հանդիպումները շատ հաճելի են եղել։
Իր ելույթում Սին կոչ է արել աջակցել ազատ և բաց առևտրին։ Reuters-ի գնահատմամբ՝ Չինաստանի առաջնորդը փորձում էր իր երկիրը ներկայացնել որպես կայուն գործընկեր։ Դա հակադրվում է ԱՄՆ-ին, որը Թրամփի օրոք բարձրացրել է մաքսատուրքերը և անկանխատեսելի արտաքին քաղաքականություն է վարում։
«Մենք պետք է հաստատակամորեն պաշտպանենք կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգը, որի առանցքում Առևտրի համաշխարհային կազմակերպությունն է, աջակցենք ազատ և բաց առևտրին ու ներդրումներին»,- ասել է Սին գործարարների առջև։
Նա հավելել է, որ Չինաստանը կշարունակի ներդրումներ անել արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների մեջ։ Ըստ Սիի՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը կնվազեցնի մաքսատուրքերը և ավելի կբացի իր շուկաները։
Սիի ելույթը հնչել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նոր սահմանափակումներ է հայտարարել Nvidia-ի և այլ ընկերությունների արհեստական բանականության առաջատար չիպերին Չինաստանի հասանելիության վրա։ Reuters-ի գնահատմամբ՝ դա կարող է ավելի բարդացնել երկու երկրների միջև առևտրային փխրուն զինադադարը։ Պեկինը խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել։
Արևմտյան գործընկերները Չինաստանին քննադատում են տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար առևտրային հավելուրդի համար։ Նրանց պնդմամբ՝ դա արդյունք է քաղաքականության, որը սատարում է արտադրությանը՝ սպառողների հաշվին։ Պեկինը պնդում է, որ աճի իր մոդելը համապատասխանում է այնպիսի տնտեսության, որը դեռ հասնում է աշխարհի ամենահարուստ երկրներին։
The Asia Group խորհրդատվական ընկերության գործընկեր Ջորջ Չենի կարծիքով՝ Սիի ուղերձը, հավանաբար, արձագանք կգտնի Գլոբալ հարավի շատ երկրներում։
Պուտինը ելույթ է ունեցել Սիից հետո։ Նա արևմտյան տերություններին անվանել է «նախկին հեգեմոններ», իսկ Եվրոպայի վիճակը՝ «նվաստացուցիչ անկում»։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել։
«Փորձը ցույց է տվել, որ տնտեսական գերիշխանության և փաստացի հարկադրանքի ավանդական գործիքները հիմնականում սպառել են իրենց՝ կորցնելով վախեցնելու իրենց ուժի զգալի մասը»,- ասել է Պուտինը։
Ելույթը հնչել է այն բանից հետո, երբ Ուկրաինան լրջորեն վնասել էր Ղրիմը Ռուսաստանին կապող Կերչի ավտոճանապարհային կամուրջը։ Reuters-ը դա որակում է որպես ծանր հարված Պուտինի՝ չորս տարի տևող պատերազմին։
Հինգշաբթի Սին, Թրամփը և Պուտինը կարող են քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմը, ԱՄՆ-ի պատերազմն Իրանում, ինչպես նաև առևտրի, արհեստական բանականության և միջուկային զենքի հարցերը։
Հանդիպումը համեմատվում է 1945-ի Յալթայի կոնֆերանսի հետ, որտեղ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Խորհրդային Միությունը աշխարհը բաժանեցին ազդեցության գոտիների։ Այդ կոնֆերանսը դարձել է մեծ տերությունների այն գործարքների խորհրդանիշ, որոնք պարտադրվում են փոքր երկրներին։ Եվրոպական և ասիական որոշ մայրաքաղաքներ մտավախություն ունեն, որ աշխարհի խոշորագույն ռազմական տերությունները կանտեսեն իրենց շահերը։
Կրեմլն այս շաբաթ Յալթայի հետ համեմատությունները անվանել է «քաղաքագետների խաղեր», սակայն նշել, որ հանդիպումը մեծ ազդեցություն կունենա համաշխարհային գործընթացների վրա։ Պեկինի խոսքով՝ եռակողմ հանդիպումը կնպաստի խաղաղությանն աշխարհում։
Պուտինն աշխարհը բնորոշել է որպես անհանգիստ, սակայն նշել, որ տարաձայնությունները կարելի է լուծել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ուստի առաջիկա եռակողմ հանդիպումից մեծ օգուտ եմ ակնկալում», ասել է նա։












