Գլխավոր Լրահոս

Դեսպանեցին

Դեսպանեցին

Սիվիլիթաս հիմնադրամում հրավիրված ասուլիսը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպանները, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոսը և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ուշագրավ էր մի քանի առումներով:

Նախ, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր, երբ մի քանի կարևորագույն երկրների դեսպաններ հավաքվում են մեկ վայրում և հստակ ու կոշտ՝ գրեթե առանց դիվանագիտական սեթևեթանքների, քննադատում են իշխանությունների գործողությունները Սիվիլիթաս հիմնադրամի, նրա հիմնադրի և ծրագրերի, հատկապես՝ մեդիա ծրագրերի դեմ:

Երկրորդ, դեսպանները, որոնց նախաձեռնությամբ կայացավ ասուլիսը, հստակ ուղերձ են հղում Հայաստանի իշխանություններին Սիվիլիթասի դեմ գործի հնարավոր հետևանքների մասին: Ճիշտ է, Արևմուտքը ճանաչեց Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն իրականում դեռ չի համարում, որ Հայաստանը հանձնել է ժողովրդավարության թեստը: Դեռ ընտրություններից առաջ ԱՄՆ-ը հայտարարեց, որ փետրվարի 18-ից հետո հնարավոր է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի վերսկսումը Հայաստանում: Եվրոպական Միությունն էլ Հայաստանի համար դոնորների համաժողովը հետաձգեց նույն մոտիվացիայով: Ավելին, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը ասուլիսին Սիվիլիթասի գործի մասին խոսեց Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համատեքստում:

Կարելի է ասել, որ Սիվիլիթասի նկատմամբ սկսված հետապնդումը վերջին տասն ամսվա ընթացքում լուրջ մուտացիա է ապրել: Եթե սկզբում իշխանությունները հայտարարում էին, թե իբր պաշտպանում են կազմակերպության շահերը նրա հիմնադիր Վարդան Օսկանյանից, ապա այժմ առանց ավելորդ խաղերի ցույց են տալիս, որ նպատակը հիմնադրամը փակելն է և նրա լրատվական ծրագրերը լռեցնելը:

Հատկապես այս վերջին հանգամանքը կրիտիկական է: Սիվիլիթասում ասուլիսին չկային հեռուստատեսությունների ներկայացուցիչներ (բացառությամբ ԳԱԼԱ-ի և «Կենտրոն» ՀԸ-ի): Չկային նաև իշխանության կողմից վերահսկվող և մեծ լսարան ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները:

Այսինքն՝ եթե տասն ամիս առաջ իշխանությունների հիմնական նպատակն էր լռեցնել կամ պատժել իրենց հուժկու քննադատ Վարդան Օսկանյանին, ապա այժմ այդ նպատակին համազոր նպատակ է լռեցնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցին և կազմակերպությանը: Այժմ արդեն «Սիվիլիթասին Օսկանյանից պաշտպանելու» հարց օրակարգում չկա:

Հ․Գ․

Հետաքրքիր է, թե իշխանություններն ինչպես կարձգանքեն դեսպանների քայլին՝ նորից Շարմազանովի և Գալուստ Սահակյանի մակարդակո՞վ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում