Գլխավոր Լրահոս

Ով է շահում «Արմավիայի» սնանկացումից

Ով է շահում «Արմավիայի» սնանկացումից

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, որը տասը տարի ՀՀ կառավարության հետ կնքած համաձայնագրով մենաշնորհային դիրք ուներ շուկայում, ապրիլի 1-ից բոլոր ուղղություններով դադարեցրեց չվերթները և սկսեց սնանկացման գործընթաց: Սա, իհարկե, նախևառաջ «Արմավիայի» ղեկավարության տարիների ապաշնորհ կառավարման և կարճաժամկետ օգուտներ ստանալու գործելաոճի անխուսափելի հետևանքն էր: «Արմավիայի» սնանկացումը, սակայն, ոչ պակաս չափով պայմանավորված էր այդ ընկերության նկատմամբ կառավարության (ավելի լայն առումով՝ իշխանության) ոչ ադեկվատ վերաբերմունքով:

Նախ՝ կառավարությունը պարտավոր էր ճիշտ և ժամանակին վերահսկողություն իրականացնել մի ընկերության նկատմամբ, որին արտոնյալ պայմաններ է շնորհել: Ավելին՝ դա պետք է աներ հատկապես նաև այն պատճառով, որ ընկերությունը տասնյակ միլիոնավոր դոլարների պարտավորություններ ուներ բանկերի և այլ ընկերությունների նկատմամբ: Այսինքն՝ խնդիրը մեկ ընկերության սնանկացումը չէ, այլ այդ սնանկացման հետևանքով երկրի ընդհանուր տնտեսությանը հասցվելիք վնասը:

Երկրորդ՝ որ Արմավիան խնդիրներ ուներ, հայտնի էր դեռ երկու տարի առաջ: Կառավարությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել այդ ընկերությանը սնանկացումից փրկելու համար կամ էլ պետք է հնարավոր սնանկացման դեպքում առնվազն մշակած լիներ քաղավիացիայի հետագա գոյության ռազմավարություն: Նման բան այսօր չկա:

Երրորդ՝ «Արմավիայի» սնանկացումը ցույց է տալիս, թե որքան խոցելի է Հայաստանի տնտեսությունը, երբ մեծ խնդիրները ոչ թե բիզնես տրամաբանությամբ ու հաշվարկներով են լուծվում, այլ հեռախոսազանգերով: Այդ զանգերն այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել մի շարք բանկերի, որոնք ավիափոխադրողին վարկ են տրամադրել՝ առանց ռիսկերը գնահատելու:

Ինչպես միշտ, այժմ ևս կառավարությունը սիտուատիվ լուծումներ է սկսելու փնտրել: Որ «Արմավիայի» հետ տասնամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր ապրիլին, կառավարությանը քաջ հայտնի էր: Հայտնի էր նաև, որ ընկերությունը ցանկանում է սնանկանալ: Սակայն մինչև վերջին պահը կառավարությունն այդպես էլ որևէ կոնկրետ քայլեր չարեց խնդիրը լուծելու համար:

Որքան էլ հակասական է, «Արմավիայի» սնանկացումից շահում են միայն նրա սեփականատերերն ու նրանց հետ փոխկապված անձինք: Նրանք բառացիորեն «քցում» են թե՛ իրենց վարկ տրամադրած բանկերին, թե՛ «Զվարթնոց» օդանավակայանին, թե՛ պետությանը և թե՛ այլ ընկերությունների:  

Կարեն Հարությունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում