Մայրաքաղաքում՝ մայրագյուղի տրամաբանությամբ

«Երևանը պետք է կառավարեն երևանցիները, քաղաքի գրված և չգրված օրենքները իմացող մարդիկ, և այս իմաստով մեր ներկայացրած թիմը Երևանում ծնված մարդիկ են, Երևանում ապրած մարդիկ են, Երևանի խնդիրներին քաջածանոթ մարդիկ են»: Այսպիսի հայտարարություն է արել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ կիրակի Երևանի ավագանու ընտրություններին իր կուսակցության ընտրարշավի մեկնարկին:
Մի կողմ թողնենք, որ իրավական առումով երկրի ազգային անվտանգության համար պատասխանատու կարևորագույն պաշտոնյաներից մեկի հայտարարությունը աբսուրդ է:
Ավելի զավեշտալին այն է, որ Բաղդասարյանը փաստացի գավառական շովինիզմի վրա հիմնված այլատյացություն է քարոզում: Ի՞նչ կապ ունի Երևանում ծնված լինելու հանգամանքը Երևանի խնդիրները հասկանալու կամ Երևանը կառավարելու հետ:
Անկախությունից հետո Երևանը ղեկավարած ինը քաղաքապետերից ընդամենը երեքն են եղել Երևանում ծնված: Ի՞նչ է՝ նրանց գործունեության մասին պետք է դատենք Երևանում ծնված լինելու հանգամանքո՞վ, թե՞ կատարած գործերով կամ որևէ այլ չափանիշով:
Եթե նման տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Հայաստանի նախագահն էլ պարտադիր պետք է ծնված լինի Հայաստանի Հանրապետությունում: Մինչդեռ Հայաստանի առաջին նախագահը ծնվել է Հալեպում, երկրորդ և երրորդ նախագահները՝ Ստեփանակերտում (իրեն չորրորդ նախագահ համարող Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է Ֆրեզնոյում): Նրանց գործունեության մասին դատենք ըստ այնմ, թե որտե՞ղ են ծնվել: Առհասարակ, սեփական երկրում առկա բնակչությունից երկու-երեք անգամ ավելի մեծ սփյուռք ունեցող ժողովուրդը կարո՞ղ է նման կատեգորիկ հարցադրումներ անել:
Կամ մի երկրում, որտեղ բնակչության գրեթե կեսը ապրում է մայրաքաղաքում, որի բնակչության գերակշիռ մասի արմատները՝ ընդամենը երկու-երեք սերնդի հեռավորությամբ, այդտեղից չեն, իրավունք ունի՞ որևէ մեկը, առավել ևս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նման բան հայտարարել:
Այլատյացությունից ու տարբեր ֆոբիաներից աշխարհում առավել շատ տուժած ազգերից մեկը հայերն են:
Հիմա ստացվում է, որ համայն հայության մայրաքաղաքի իշխանությանը ֆոբիաներով պետք է ընտրենք:
Կարեն Հարությունյան










