Գլխավոր Լրահոս

Ցեղասպանությունն այնքան սարսափելի է եղել, որ ինձ հետ պատահածը շատ փոքր դեպք է

Ցեղասպանությունն այնքան սարսափելի է եղել, որ ինձ հետ պատահածը շատ փոքր դեպք է

«Կցանկանայի, որ մի օր թուրք ժողովուրդը ներողություն խնդրեր հայ ժողովրդից, և վերջինս դրանից գոհունակություն զգար»,- ասում է Խոսե Անտոնիո Գուռիարան:

1980թ. դեկտեմբերին իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը պատահաբար վիրավորվում է ԱՍԱԼԱ-ի՝ Մադրիդում իրականացրած հարձակումից։ Դրանից հետո նրան սկսում է հետաքրքրել այդ խմբի հարձակման շարժառիթները։ Երկու տարի անց Գուռիարանը գիրք է գրում՝ «Ռումբը», և սկսում հետաքրքրվել Հայոց ցեղասպանության և հայերի խնդիրներով։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա համեստորեն ասում է, որ իր հետ պատահածը շատ փոքր բան է՝ համեմատած նրա հետ, ինչ տեղի է ունեցել 1915թ.:

— Պարոն Գուռիարան, տարիների հեռվից Ձեզ համար բարդանո՞ւմ, թե՞ հեշտանում է պատմել այն մասին, ինչ կատարվել է Ձեզ հետ։

— Ինձ հեշտ է։ Երբեք դժվարություն չեմ ունեցել դրա մասին խոսելու։ Այսօր նույն բացատրություններն եմ տալիս, ինչ 31 տարի առաջ, երբ տեղի ունեցավ ահաբեկչությունը։

—  Երբեմն, տարիներ անց, մարդ զղջում է արածների համար։ Արդյո՞ք փոխել եք կարծիքը Ձեր կյանքի մասին։

— Ես իմ կարծիքը չեմ փոխել՝ դատապարտում եմ բռնի ուժի միջոցով կատարված բոլոր գործողությունները, բայց հասկանում եմ, որ հայ ժողովուրդը շատ է տառապել։ Համարում եմ, որ Ցեղասպանությունն այնքան սարսափելի է եղել, որ դրա հետ համեմատած՝ ինձ հետ պատահածը շատ փոքր դեպք է։ Ես իմ կարծիքը չեմ փոխել՝ պահպանում եմ իմ հիմնավորումները, ոխ չեմ պահում, բախտավոր եմ ինձ զգում։

—  Այսօր, երբ կարդում եք շարունակվող ժխտողականության մասին, արդյո՞ք Ձեզ զարմացնում է, որ այժմ նույն իրավիճակն ունենք, ինչ 31 տարի առաջ։

— Զարմանալին այն է, որ 1915-ից ի վեր թուրքական բոլոր կառավարությունները նույնչափ անբարոյական ու անգիտակից են եղել։ Անհավատալի է, որ ժամանակակից Թուրքիան քաջություն չի ունեցել ընդունելու իր նախնիների արածը։ Անհավատալի է՝ Գերմանիան ճանաչել է հրեական Հոլոքոստը և ավելի ազնիվ է գտնվել, Թուրքիայի չունեցած քաջությունն է ունեցել։ Այժմ Թուրքիայում հայտնվել են Փամուկի կամ Աքչամի նման մտավորականներ, որոնք դատապարտում են Ցեղասպանությունը։ Թուրքական կառավարությունն իր ականջներն ու աչքերն է փակում։

— Թուրքիայի պատասխանատվության մասին ի՞նչ կասեք։

— Թուրքիայի պատասխանատվությունը բարոյական է, ինչպես նաև քաղաքական, մշակութային, քանի որ նա փորձում էր ոչ միայն մի ժողովուրդ, այլև մի ամբողջ մշակույթ, լեզու և կրոն բնաջնջել։ Ամենաշատ բաղադրիչներ ունեցող Ցեղասպանությունն է եղել։ Դրան հաջորդող Հոլոքոստը բազում բաղադրիչներ է ունեցել, բայց ոչ այնքան, որքան հայերինը։ Դրանք են՝ բնակչության տեղահանում, ֆիզիկական ոչնչացում, վիրավորներ, լեզուն և կրոնը ոչնչացնելու փորձ, բնակավայրերի և եկեղեցիների ավերում։ Եվ դա շարունակվում է՝ քարոզչական նպատակներով մի եկեղեցի են վերականգնում, բայց արդեն Անին ու բազմաթիվ բնակավայրեր ոչնչացրել են։

—  Ինձ ապշեցնում է, որ տարիներ անց մենք և Դուք վերապրում ենք այն, ինչ Ձեզ հետ կատարվեց 31 տարի առաջ, և Դուք հիմա փորձում եք գտնել արմատական պատճառները։ Մենք էլ ենք դա վերապրել ու 98 տարի անց փորձում ենք գտնել արմատական պատճառներն ու անցնել առաջ։ Քանի՞ տարի դեռ պետք է սպասենք։

— Ահաբեկչական գործողության մասին ոչ ոք չի կարող ինչ-որ կարծիք հայտնել։

Ահաբեկչական գործողությունը մոռացված հարց է։ Այն անցյալին պատկանող նյութ է՝ տեղի ունեցավ 1980թ. հոկտեմբերին՝ 32 տարի առաջ։ Ինձ համար դա անցել է, այժմ այլ հարցեր են ինձ մտահոգում։ Ինձ մտահոգում է ընտանիքս, զավակներս, լրագրողի և գրողի իմ մասնագիտությունը։

Կցանկանայի, որ մի օր թուրք ժողովուրդը ներողություն խնդրեր հայ ժողովրդից, և վերջինս դրանից գոհունակություն զգար։ Քանի որ մոտենում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին, հուսով եմ, որ Թուրքիան կվախենա հայերի, ինչպես նաև այլ երկրների ճնշումներից, և ստիպված կլինի ճանաչել Ցեղասպանությունը։

Թուրքիան չի կարող և իրավունք չունի Եվրամիության անդամ դառնալու, եթե Ցեղասպանությունը չճանաչի։ Չունի այն բարոյական, մտավոր ու սոցիալական կարողությունը, որն անհրաժեշտ է Եվրամիության մեջ ներգրավված լինելու, քաղաքակիրթ ու ժողովրդավարական ազգերի ակումբի անդամ դառնալու համար։

— Դուք Հայաստան էիք այցելել հինգ կամ վեց տարի առաջ։ Ի՞նչն է ամենաշատը տպավորվել։

— Իմ հիշողության մեջ դրոշմվել է հաճելի, կիրթ ու աշխատասեր ժողովուրդ, ինձ տպավորել է մշակույթը։ Հայաստանը ռազմավարական առումով գտնվում է մշակույթի կենտրոնում։ Բազում քաղաքակրթություններ են ծնվել Տիգրիսի ու Եփրատի մոտ, Հայաստանով են անցել քարավանները, Մարկո Պոլոն և այլ անձինք, որոնք Մետաքսի ճանապարհով էին անցնում։ Նրանք զարմացել են հայերի հսկայական մշակույթից։ Հայաստանը կարողացավ 405թ. ստեղծել այբուբենը, իր սեփական կրոնն ու այբուբենը։ Սա շատ կարևոր փաստ է։

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում