ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում շարունակվող զինված հակամարտության պատճառով այս տարվա սկզբից երկիրը օրական լքում է միջինը մոտ վեց հազար մարդ։ Այս ցուցիչով Սիրիայում մարդասիրական ճգնաժամը դարձել է վատագույնը վերջին 20 տարիներին, հաղորդում է BBC-ն։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսն ասել է, որ 1994թ․ Ռուանդայում իրականացված ցեղասպանության ժամանակներից ի վեր աշխարհը չի տեսել իրենց տներից փախչող մարդկանց այսպիսի թիվ։
Համաձայն նրա տեղեկատվության՝ ՄԱԿ-ում գրանցված է մոտ 1,8 մլն սիրիացի փախստական, նրանց 2/3-ը Սիրիան լքել է 2013թ․ սկզբին։
Բացի այդ՝ երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով ամեն ամիս զոհվում է հինգ հազար մարդ։
Անտոնիո Գուտերեսն ասել է, որ այս ճգնաժամը, անկասկած, ծանր բեռ է հարևան երկրների համար, սակայն Լիբանանի, Հորդանանի ու Իրաքի՝ սիրիացի փախստականներին ընդունելու պատրաստակամությունը փրկում է հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։
Նա նաև հայտարարել է, որ «սիրիական ճգնաժամը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանի վրա, և սա փուչ խոսքեր չեն»։
«Մարդու իրավունքների խախտումները, ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն այսօրվա Սիրիայում սովորական բան են դարձել»,- ասել է բարձրագույն հանձնակատարը։
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է նվազագույնը 93 հազ․ մարդ։
Civilnet











