Սիրիական բանակի հրամանատարությունը հունվարի 10-ին հայտարարել է, որ Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում ականներից և «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ/SDF) կազմակերպության մնացորդներից մաքրելու գործողությունները մոտենում են ավարտին։
Այժմ ընթանում են որոնողական և ստուգողական գործողություններ՝ տարածքը անվտանգ դարձնելու համար։
«Մենք կոչ ենք անում Շեյխ Մաքսուդ թաղամասի քաղաքացիներին մնալ տանը և դուրս չգալ, քանի որ ՍԴՈւ-ի և ահաբեկչական Քրդական աշխատավորական կուսակցության(PKK) որոշ անդամներ դեռևս թաքնվում են տարածքում», - ասվում է բանակի հրամանատարության հայտարարության մեջ։
Քրդերի գլխավորած ՍԴՈւ-ն ժխտում է, որ բանակը վերահսկողության տակ է առել Շեյխ Մաքսուդ շրջանը։
«Կառավարությունը տարածել է պնդումներ, համաձայն որոնց այն վերահսկողության տակ է առել Շեյխ Մաքսուդ-ի 90 տոկոսը: Այս պնդումները կեղծ և շփոթեցնող են»,- ասվում է հայտարարությունում:
***
Հունվարի 6-ին Հալեպում քրդական և կառավարական ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել: Բախումները սաստկացել են հունվարի 8-ին։ Հունվարի 9-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քաղաքում իրավիճակը կարգավորելու համար հրադադար է հաստատվում։
Նույն օրը սիրիական բանակը Հալեպի Շեյխ Մաքսուդը ռազմական փակ շրջան հայտարարեց՝ քաղաքը քուրդ զինյալներից մաքրելու համար, իսկ Հալեպի նահանգապետը կոչ արեց տեղահանված բնակիչներին չուղղվել դեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասեր՝ առանց համապատասխան մարմինների հետ նախնական համաձայնեցման։ Մոտ 200,000 մարդ տեղահանվել էր օրերով տևող մարտերի պատճառով, իսկ Հալեպի օդանավակայանը դեռ փակ է մնում։
Հալեպի Գանձասար շաբաթաթերթը գրում էր, որ հայկական թաղամասերը նյութական վնասներ են կրել բախումների պատճառով։
Մարտերը կապված են 2025-ի մարտին ստորագրված համաձայնագրի չկատարման հետ, որը պետք է ինտեգրեր քրդական կառավարման ինստիտուտները և ՍԴՈւ մարտիկներին սիրիական պետության մեջ։
ՍԴՈւ-ն 2015 թվականից վերահսկում է կիսաինքնավար տարածք՝ Սիրիայի հյուսիս-արևելքում: Համաձայնագիրը նպատակ ուներ այդ տարածքը բերել կառավարության ամբողջական վերահսկողության տակ, ամբողջ Սիրիայում կրակի դադարեցում ապահովել և ներգրավել ՍԴՈւ-ին՝ Ասադին հավատարիմ մարտիկների դեմ պայքարելու համար։ Համաձայնագիրը նաև հաստատում էր, որ քրդական ժողովուրդը Սիրիայի անբաժանելի մասն է, ունի քաղաքացիության իրավունք և սահմանադրական երաշխավորված իրավունքներ։
2025-ի դեկտեմբերի 22-ին Հալեպում կառավարական և քրդական ուժերի միջև կրկին բախումներ էին եղել։ Նշվում էր առնվազն երկու զոհի և մեկ տասնյակից ավելի վիրավորի մասին։ Բախումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ նույնը օրը Դամասկոսում Թուրքիայի արտգործնախար Հաքան Ֆիդանը քրդական զինված ուժերին մեղադրեց Սիրիայի կառավարական ուժերում չինտեգրվելու համար, ինչի շուրջ մարտին համաձայնության էին հասել Սիրիայի գործող նախագահ Ահմեդ էշ-Շարան և Սիրիայի քրդերի հրամանատար Մազլում Աբդին։
Civilnet











