Իտալացի ճիզվիտ հոգևորական Պաոլո Դալոլիոն, որը մոտ 30 տարի ապրել է Սիրիայում, առևանգվել է զինված իսլամիստների կողմից, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիական ընդդիմությանը։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Դալոլիոյին առևանգել է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող մի խմբավորում երկրի հյուսիսում գտնվող Ռակկա քաղաքում, որը վերահսկում են ապստամբները։
Հոգևորականը հայտնի է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի նկատմամբ ընդդիմադիր տրամադրվածությամբ, որի պատճառով անցյալ տարի արտաքսվել էր երկրից։
Դալոլիոն ավելի վաղ բաց նամակ էր գրել Հռոմի պապ Ֆրանցիսկին՝ նրան կոչ անելով ազդել Սիրիայում տիրող իրադրության վրա։
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ։
Civilnet











