Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը բանակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում հայտարարել է, որ վստահ է ապստամբների նկատմամբ հաղթանակի մեջ, հաղորդում է BBC-ն։
«Եթե Սիրիայում մենք վստահ չլինեինք հաղթանակի մեջ, մենք չէինք ունենա արդեն ավելի քան երկու տարի շարունակվող ագրեսիային դիմակայելու կամք»,- ասել է նա։
Սիրիայի առաջնորդը ուղերձով հանդես է եկել այն բանից հետո, երբ հուլիսի 29-ին կառավարական զորքերը ապստամբներից հետ են նվաճել երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի ռազմավարական կարևոր շրջաններից մեկը։
Քաղաքի գրոհումը սկսվել էր մեկ ամիս առաջ։ Նպատակն էր ապստամբներին դուրս մեղել Հոմսից։
Կառավարական ուժերը գրոհ են իրականացնում նաև Դամասկոսի արևելյան արվարձանում և Հալեպից արևմուտք։
«Ես շատ եմ հավատում ձեզ և վստահ եմ ձեր՝ պետական առաքելությունը կատարելու ունակության մեջ,- ասված է Ասադի ուղերձում, որը տարածվել է Սիրիայի պետական բոլոր լրատվամիջոցներով։ - Դուք հազվադեպ քաջություն ցույց տվեցիք ահաբեկչության դեմ պայքարում, և արդի պատմության ամենադաժան ու կատաղի պատերազմներից մեկում ձեր ցուցաբերած դիմակայությունը տպավորություն գործեց ամբողջ աշխարհի վրա»։
Ավելի քան երկու տարի Հոմսը ապստամբների գլխավոր հենակետերից մեկն էր։
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, 1,5 մլն մարդ փախստական է, 4 մլն մարդ՝ ներքին տեղահանված։
Նախօրեին Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի տեսուչների խմբին թույլ տալ այցելել երկրի այն երեք շրջանները, որոնցում ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել։
Civilnet











