Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մի շարք հայկական ոչ կառավարական կազմակերպություններ, արձագանքելով ծանր կացության մեջ գտնվող սիրիահայերին օգնություն ցուցաբերելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոչին, կազմակերպել են տարբեր միջոցառումներ, որտեղից գոյացած գումարը պետք է օգտագործվեր սիրիահայերին օգնության նպատակով:
Ինչպես հաղորդում են Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից, բարեգործական գործողությանը իրենց մասնակցությունն են բերել նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը, Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, Armenian Art Hall էլեկտրոնային ամսագիրը, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, «Պանհայկական խաղերի» միջազգային ասոցիացիայի Վրաստանի մասնաճյուղը, Թեմի հոգևոր դասը, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, թբիլիսահայ համայնքի անդամներ: Հանգանակված գումարը՝ $5 հազ-ը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և միջնորդությամբ, փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը $200 հազ. գումար արդեն փոխանցել էր սիրիահայերին օգնության հիմնադրամին, այնուհետև տրամադրել ևս $200 հազ., որտեղ փոքրիկ մաս է կազմում Վիրահայ համայնքի հանգանակությունը:
Civilnet











