Ռուսաստանը մերժել է Սիրիայի հարցով Սաուդյան Արաբիայի առաջարկը` երաշխիքներ տրամադրել էներգետիկ ոլորտում և զենքի առևտրի շահավետ պայմանագրեր` պայմանով, որ Մոսկվան հրաժարվի աջակցել Դամասկոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այս մասին Agence France-Presse-ին (AFP) տեղեկացրել են դիվանագետները:
Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ համանման առաջարկ է արել Սաուդյան արքայազն Բանդար բեն Սուլթանը վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում: Արքայազնը, որ թագավորությունում պատասխանատու է հատուկ ծառայությունների աշխատանքի և արտաքին քաղաքականության համար, բանակցել է Ռուսաստանի ղեկավարության հետ, որի ընթացքում էլ, ըստ Reuters-ի, ներկայացրել է հնարավոր գործարքի մանրամասները:
Սաուդյան Արաբիան պատրաստ էր Ռուսաստանից $15 մլրդ-ի զենք գնել և երաշխավորել, որ Սիրիայի միջոցով գազամուղներ չեն անցկացվի դեպի Եվրոպա, որոնք կարող էին խարխլել Մոսկվայի դիրքերը եվրոպական շուկայում: Փոխարենը` ՌԴ-ն պետք է վետո դնի սիրիական հակամարտությանը վերաբերող ՄԱԿ-ի բանաձևերի նախագծերի վրա:
Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 100 հազ․ մարդ։
Civilnet











