The Syrian Expert House կենտրոնի, Քաղաքական և ռազմավարական հետազոտությունների սիրիական կենտրոնի և Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամները օգոստոսի 14-ին Ստամբուլում ներկայացրել են Սիրիայում «Ասադից հետո» անցումային շրջանի իրագործման վերաբերյալ հանձնարարականներ, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Զեկույցը չի կրում ծրագրային բնույթ, սակայն մանրակրկիտ կերպով գնահատում է Սիրիայում ժողովրդավարության զարգացման համար անհրաժեշտ գործողությունները:
«Զեկույցում կան հանձնարարական բնույթի դրույթներ Սիրիայում ապագա քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ստամբուլի համաժողովի մասնակիցները քննարկում են կարգավորման հեռանկարներն ու գնահատում երկրում առկա իրավիճակը», - ասել են Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչները:
«Սիրիայում անցումային շրջանի ճանապարհային քարտեզ» խորագրով զեկույցը պատրաստել են 300 իրավապաշտպաններ, ակադեմիկոսներ, ընդդիմադիր ուժերի և Ազգային կոալիցիայի անմիջական անդամներ, այդ թվում՝ կոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ-Ջարբան:
Փորձագետները կարծում են, որ Սիրիայում նոր քաղաքական համակարգը պետք է հիմնվի խառը՝ նախագահական-խորհրդարանական կառավարման ձևի վրա «իշխանության մարմինների հավասարակշռությունն ու դրանց հանդեպ վերահսկողություն ապահովելու համար»:
Առանձին ուշադրություն է դարձվում «իշխանության դատական և գործադիր ճյուղերի բացարձակ տարանջատմանը», իսկ «ազգային հաշտեցումը կհաստատվի դատական գործընթացի միջոցով», որի ընթացքում կպատժվեն հանցագործություններ գործած բոլոր անձինք:
«Ճանապարհային քարտեզը» անդրադառնում է նաև տնտեսական հարցերին: Նախագծի հեղինակները պնդում են, որ պետք է «հրաժարվել պետության կողմից կառավարվող տնտեսական մոդելից հանուն շուկայականի»:
Civilnet











