Գլխավոր Լրահոս

Սուննիական Ադրբեջանի տեսլականը

Սուննիական Ադրբեջանի տեսլականը

Ալիևի ռեժիմի ներքաղաքական սպառնալիքը գալիս է ոչ թե թույլ քաղաքական ընդդիմությունից, այլ անընդհատ ակտիվացող կրոնական շարժումներից: (Photo: vestikavkaza.ru)

Արդեն մի քանի տարի է՝ միջազգային լրահոսում կարող ենք ստանալ տեղեկություններ Ադրբեջանում սուննիների նկատմամբ ճնշումների վերաբերյալ: Ադրբեջանի բնակչության 15 տոկոսը իսլամի սուննի ճյուղի հետևորդ է: Դրանք հիմնականում Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն են՝ լեզգիները, ավարները, ախվախները, ցախուրները և այլ փոքրաթիվ ժողովուրդներ: Սակայն վերջին տարիներին անընդհատ առաջանում են սուննիական խմբեր, որոնք հալածվում են Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից: Առավել ակտիվ են թուրքական կրոնական հիմնադրամները, որոնք նպատակ ունեն Ադրբեջանում մեծացնել նուրսիականների թիվը: Թուրք աստվածաբան, Ղուրանի մեկնաբան Սաիդ Նուրսիի հիմնադրած շարժումը, որն այսօր ղեկավարվում է խարիզմատիկ Ֆետուլլահ Գյուլենի կողմից և անվանվում նաև գյուլենական շարժում, ակտիվ կապեր ունի Թուրքիայի իշխող կուսակցության հետ: Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ վահաբականության դեմ պայքարի անվան տակ ձերբակալում են Սաիդ Նուրսիի գրքերի ընթերցանությամբ ձբաղվող խմբերին, առգրավում և ոչնչացնում են գյուլենականների գրականությունը, փակում սուննիներին պատկանող մզկիթները:

Բռնաճնշումները կարող են արագացնել սուննիական ուղղության տարածումն Ադրբեջանում, դրան կարող են նպաստել նաև Թուրքիայում կրթություն ստացած ադրբեջանցիները:

Թեև Արդբեջանն ու Թուրքիան մշտապես փոխանակվում են եղբայրության և մեկ ազգի մասին հաճոյախոսություններով, նույն դավանանքին չպատկանելը խնդիրներ է առաջացնում երկու բարեկամ երկրների միջև: Սուննիականության դիրքերի ամրապնդումն Ադրբեջանում կուժեղացնի թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Իսլամիստական նկրտումները Ալիևի վարչակազմի կողմից դիտվում են որպես սպառնալիք ռեժիմին, և ակտիվ պայքար է մղվում տարբեր խմբերի դեմ:

Հարկավոր է պատրաստ լինել Ադրբեջանում տարբեր զարգացումների, այդ թվում՝ սուննիների թվի աննախադեպ մեծացմանը: Այս դեպքում Ադրբեջանը դավանաբանական առումով ևս ամբողջովին կմիավորվի թյուրքական աշխարհի հետ և կհեռանա իրանական աշխարհից: Նման սցենարի դեպքում մեր արևելյան հարևանը ստիպված կլինի հրաժարվել Իրանի հյուսիսում բնակվող թրքախոս ժողովուրդների նկատմամբ ունենցած նկրտումներից, քանզի արդեն դավանաբանական տարբերություններ կառաջանան վերջիններիս միջև:

Նման զարգացումները կարող են բերել նաև թալիշների անջատողականության սրմանը:

Շատ ադրբեջանցիներ, որոնք քաղաքական ճանապարհով անհնար են համարում Ալիևի ռեժիմի տապալումը, փորձում են ռեժիմին այլընտրանք գտնել կրոնական շարժումների մեջ: Խարիզմատիկ կրոնական գործիչների զրույցները սոցիալական անարդարության և այլ հարցերի մասին շատերի համար լրացնում են ամայացած քաղաքական դաշտի վակուումը: Գյուլենականների ռեսուսրները նույնպես թույլ են տալիս ակտիվ հոգեորսությամբ զբաղվել:

Ալիևի ռեժիմի ներքաղաքական սպառնալիքը գալիս է ոչ թե թույլ քաղաքական ընդդիմությունից, այլ անընդհատ ակտիվացող կրոնական շարժումներից: Եվ այս ամենն արդեն իսկ նկատելի է Ադրբեջանից բավականին հեռու գտնվող վերլուծական կենտրոններում:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում