Գլխավոր Լրահոս

Միրկադիրովի և Յունուսովների ձերբակալության շուրջ

Ադրբեջանում հերթական «լրտեսական» սկանդալն է ընթանում, ինչին հատուկ «հմայք» է տալիս հակահայկական հիստերիան: Ադրբեջանցի հայտնի լրագրողներ և իրավապաշտպաններ մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսության, հայերի հետ կապեր պաշտպանելու և այլ «մահացու» մեղքերի մեջ: Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությանը հաջորդեց Արիֆ և Լեյլա Յունուսովների կալանավորումը: Այս իրավապաշտպանները, ի թիվս այլ մեղքերի, ունեն աններելի կենսագրություն՝ Արիֆի մայրը կիսով չափ հայուհի է:

Իրականում Արիֆ Յունուսովն Ադրբեջանի հակահայկական քարոզչությանն ամենամեծ նպաստ բերած գործիչն է: 1987թ. Կապանից ադրբեջանցիների արտաքսման վերջինիս հնարած թեզը լայն շրջանառության մեջ է մտել միջազգային լրագրողական և վերլուծական շրջանակներում: Չնայած այդ դեպքերի մասին ոչ մի փաստ չկա՝ Արիֆ Յունուսովի, որպես հայտնի մտավորականի խոսքն ընկալվել է որպես փաստ ղարաբաղյան խնդրով գրողների մոտ: Նրանցից առավել հայտնին Թոմաս դե Վաալն է՝ իր ոչ անհայտ «Սև այգի» աշխատությամբ: Այնուամենայնիվ, Յունուսովի այս մեծ ներդրումը հակահայկական քարոզչությանն ու պատմության խեղաթյուրմանը չգնահատվեց Բաքվի կողմից: Տարիներ առաջ Յունուսովը հեռացել էր Ադրբեջանից և բնակվում էր Գերմանիայում: Նրա վերադարձն Ադրբեջան, փաստորեն, ողբերգական ավարտ է ունենում: Համացանցում հայտնված նյութերը վկայում են, թե ինչ ստորությամբ է Ալիևի ռեժիմը հաշվեհարդար տեսնում ադրբեջանական մտավորականության խիզախ ներկայացուցիչների հետ, ոտնահարում մարդկանց անձնական արժանապատվությունը, ոչնաչացնում նրանց գրեթե նույն մեթոդներով, որոնց նկարագրությունը կարող ենք գտնել Ջորջ Օրուելի հայտնի «1984» վեպի մեջ:

Միրկադիրովն ու Յունուսովները եզակի չեն, հերթում կանգնած են «Զերկալո» թերթի խմբագիր Էլչին Շիխլին, հասարակական գործիչ Ավազ Հասանովը և այլք:

Ժամանակին Իլհամ Ալիևը շքեղ բնակարաններ հանձնեց հարյուրավոր լրագրողների և մտավորականների, ովքեր մեծ վաստակ ունեին ռեժիմի փառաբանման գործում: Նվերներից հրաժարվողները ենթակա էին մի օր պատասխան տալու: Եվ ահա, եկել է «հատուցման» պահը:

Ո՞րն է պատճառը, որ Ալիևի վարչակարգը գնում է նման աննախադեպ բռնաճնշումների: Արդյո՞ք հայերի հետ կապերը կամ հայկական ծագում ունեցող հարազատներ ունենալն է Բաքվի իշխանությունների նմանատիպ վարքագծի պատճառը:

Ավտորիտար ռեժիմների վարքագիծը հասկանալու համար երկարատև ու խորքային ուսումնասիրություններ են հարկավոր: Սակայն մակերեսորեն նայելով Ադրբեջանում ընթացող գործընթացներին՝ կարելի է ենթադրել, որ այստեղ Ալիևը ձեռնամուխ է եղել իշխանության բոլոր հակակաշիռները ոչնչացնելուն, հասարակության մեջ առկա այլընտրանքային տեսակետները լռեցնելուն: Սրան հաջորդելու է մարդկանց մտքերն արմատախիլ անելու գործընթացը, ինչն ասենք, տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայում: Սեփական իշխանությանը սպառնացող վտանգի զգացումն առաջիկայում Ալիևին կստիպի նմանատիպ այլ քայլերի գնալ: Հակաիշխանական խմբավորումները բազմազան են և բազմաբնույթ: Ռեժիմը պահելու միակ ձևը դրանց ոչնչացնելն է: Այժմ սկսել են ամենաթույլից՝ այլընտրանքային կարծիք արտահայտողներից: Առջևում իսլամիստական տարբեր խմբավորումներն են:

Իսկ հայե՞րը, Ղարաբա՞ղը: Դեռևս դրա ժամանակը չէ, իրական ճակատամարտերը ծավալվում են Բաքվում:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում