Հայաստանն ընդգրկող ու Հայաստանի հարևան տարածաշրջաններում մեծ թափով փոփոխություններ են տեղի ունենում, որոնց արագությունը հաճախ թույլ չի տալիս հասկանալ դրանց էությունն ու պատճառները: Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային երկրների նկատմամբ և ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձերը, ինչպես նաև սիրիական պատերազմն ու այնտեղ ուժերի դասավորությունը նոր իրողություններ են ստեղծել: Այդ իրողություններից մեկը կարող է դառնալ Իրան-Ադրբեջան հարաբերությունների կտրուկ բարելավումը:
Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից հետո հարթ չեն ընթացել: Չնայած երկու երկրների բնակչության մեծամասնությունն էլ շիա դավանանքի հետևորդ է՝ անկախության առաջին տարիներին Ադրբեջանի ղեկավարության ակնարկները Իրանի տարածքների նկատմամբ խոր հետք է թողել հետագա հարաբերությունների վրա: Արդյունքում` ղարաբաղյան հակամարտությունում Իրանն առավելապես հանդես է եկել հայամետ դիրքորոշումներով՝ պաշտոնապես սահմանափակվելով չեզոք հայտարարություններով: Ժամանակ առ ժամանակ Թեհրանն ու Բաքուն ներքաշվել են լրտեսական սկանդալի մեջ՝ փոխադարձ մեղադրանքներով: Ի վերջո, երկկողմ հարաբերությունների մեջ կարևոր տեղ է զբաղեցրել Կասպից ծովի կարգավիճակի հարցը, որտեղ առկա են լուրջ տարաձայնություններ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով Բաքվում Իրանի դեսպանին, հայտնում են, որ Իլհամ Ալիևի` Թեհրան այցելության ժամանակ Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սեպտեմբերին Աստրախանում կայանալիք մերձկասպյան երկրների գագաթաժողովում ստորագրել հուշագիր Կասպից ծովի կարգավիճակի շուրջ:
Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի` օրերս Թեհրան կատարած այցի շրջանակում իրանական կողմը խոստացել է օգնել ռազմական արտադրանքով ապահովման հարցում:
Ապրիլի կեսերին թվագրվող այս երկու լուրերը փաստում են, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացում է սկսվում: Ի՞նչը կարող է լինել սրա պատճառը:
- Սիրիական պատերազմը, սուննիական ռեժիմների կողմից Ասադին իշխանազրկելու նախաձեռնությունը հարվածում են ոչ միայն շիական Իրանի շահերին: Ծայրահեղականներին ֆինանսավորող հիմնադրամների աշխատանքը մեծ վտանգ է նաև Իլհամ Ալիևի ռեժիմի համար: Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ հավաքագրված են այս հիմնադրամների կողմից, պատերազմում են Սիրիայում, Ադրբեջանում տարածում են գտնում սուննիական ծայրահեղական խմբերը: Երկու շիա երկրներին միացնում է սաուդական և կատարական գումարներով ֆինանսավորվող ծայրահեղ իսլամից եկող վտանգները:
- Ադրբեջանը ներգրավված չէ և ոչ էլ ցանկություն է հայտնել մտնել որևէ ռազմաքաղաքական բլոկի կամ վերազգային տնտեսական միության մեջ՝ ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի: Հարավային Կովկասի ճանաչված երկրների մեջ Ադրբեջանն ավելի ինքնիշխան է, ինչն էլ գրավիչ է դարձնում այն` համագործակցության համար որպես վստահելի, սուվերեն գործընկերոջ:
- ՀՀ դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զենքի վաճառքը ոչ միայն վրդովմունք չառաջացրեց հայկական երկու հանրապետությունների ղեկավարության մոտ, այլև վերջիններս ամեն գնով փորձեցին արդարացնել Ռուսաստանի այդ քայլը: Եթե Ադրբեջանին զենքի վաճառքը չի անհանգստացնում Հայաստանին, ինչո՞ւ այն պետք է անհանգստացնի Իրանին: Ադրբեջանի հետ մեծ ծավալի ռազմական համագործակցությունը մեծապես պայմանավորված է նաև այս հանգամանքով:
Կարելի է ենթադրել, որ Հայաստանը կորցնում է առաջվա նշանակությունն Իրանի համար, և նրան փոխարինում է Ադրբեջանը: Այս գործընթացում մեծ նշանակություն են ունեցել նաև Հայաստանի՝ Իրանի հետ էներգետիկ խոշոր ծրագրեր իրականացնելու անկարողությունը և արտաքին քաղաքականության կախյալ լինելը: Սեպտեմբերի 3-ի որոշումը ոչ միայն բացասաբար է անդրադառնալու հայաստանյան տնտեսության վրա, այլև մեծապես վնասելու է մեր անվտանգությունը: Իրան-Ադրբեջան հարաբերությունների ջերմացումը նոր իրողությունների առաջին արտահայտությունն է:
Հայկ Խանումյան








