ԱՄՆ ռազմածովային նավատորմը կընդլայնի իր ներկայությունը Միջերկրական ծովում՝ Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Պենտագոնի ներկայացուցիչը ընդգծել է, որ հերթապահության ժամկետն ավարտած «Մահան» կործանիչը պետք է վերադառնար Վիրջինիայում գտնվող բազա, սակայն Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը որոշում է կայացրել թողնել այն տարածաշրջանում: Նա նաև նշել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը ռազմական գործողությունների պատրաստվելու վերաբերյալ որևէ հրաման չեն ստացել:
Այս շաբաթ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին սիրիական կառավարության ուժերի կողմից Դամասկոսի շրջակայքում քիմիական զենքի կիրառման մասին: Հարձակման հետևանքով ավելի քան 600 մարդ է զոհվել:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ից պահանջել էր քննության ենթարկել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման դեպքը:
Civilnet











