Հռոմի պապ Ֆրանցիսկ 1-ն «անհանգստությամբ ու կարեկցանքով» հետևում է Սիրիայի դեպքերին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին պոնտիֆիկն անձամբ ասել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ժամանակ՝ հազարավոր հավատացյալների առաջ։
Պապի խոսքով՝ Սիրիայում «բազմաթիվ արյունահեղ բախումներով բռնություններն» իրեն ստիպում են կրկին դիմել հակամարտող կողմերին՝ զենքերը վայր դնելու կոչով ։
«Իմ աղոթքով ցանկանում եմ աջակցությունս ու կարեկցանքս արտահայտել բոլոր զոհերին: Այս հակամարտության ընթացքում ամենից շատ տուժում են երեխաները։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ներդնել բոլոր ջանքերը խաղաղ լուծում գտնելու համար և դադարեցնելու ավերիչ ու մահաբեր պատերազմը»,-ասել է Պապը՝ հավելելով, որ նա այդ լուծումը տեսնում է բացառապես երկխոսության և փոխըմբռնման մեջ։
Civilnet











