Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ կապված իրավիճակում Արևմուտքը փորձում է փոխարինել և՛ քննիչներին, և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այսպիսի տեսակետ է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 26-ին Մոսկվայում՝ արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին ցանկացած հաղորդագրություն պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի և պրոֆեսիոնալ կերպով հետաքննվի: Նման հետաքննության արդյունքները պետք է ներկայացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Արևմուտքը նման գրոհի ապացույցներ չի կարող ներկայացնել, չնայած պնդում է, որ երկրում իրադրության «կարմիր գիծը» հատվել է:
«Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում պաշտոնական մակարդակով հայտարարել են այն մասին, որ սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ անհերքելի ապացույցներ ունեն», - ասել է Լավրովը:
Լավրովի կարծիքով՝ Ղուտայում քիմիական զենքի կիրառման պատրվակով տարածաշրջանում տեղի է ունենում ռազմական միջոցների զանգվածային համալրում:
Civilnet











