Սիրիական հակամարտության ուժային լուծման փորձերը կհանգեցնեն «երկրում և, առհասարակ, տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը»: Այս մասին օգոստոսի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի և Արաբական պետությունների Լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Լավրովն ընդգծել է սիրիական հարցի քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ նշելով, որ ուժային լուծման փորձերը հետագա ապակայունացման կտանեն, - հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: - Կողմերը համաձայնել են, որ Սիրիայի համար ճգնաժամային այս պահին կարևոր է, որ բոլոր կողմերը գործեն չափազանց պատասխանատու կերպով և չկրկնեն անցյալի սխալները»:
Օգոստոսի 26-ին սիրիական հարցի շուրջ հրավիրված մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը որևէ մեկի դեմ պատերազմելու մտադրություն չունի՝ նույնիսկ կոնֆլիկտին ռազմական միջամտության դեպքում:
Civilnet











