Գլխավոր Լրահոս

Սահմանափակ գործողություններ կանխատեսելի հետևանքներով. Շ. Գանտահարյան

Սահմանափակ գործողություններ կանխատեսելի հետևանքներով. Շ. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել « Սահմանափակ գործողություններ կանխատեսելի հետևանքներով» վերնագրով, որում անդրադառնում է Սիրիայում տիրող իրավիճակին: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

Սիրիայի դեմ կիրառելի զինվորական միջամտությունը հետզհետե տեսանելի է դառնում: Երևույթները մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ զգուշավորությամբ են շարժվում գործողություն կազմակերպող ուժերը: Այստեղ ՄԱԿ-ից անջատ և թեկուզ հակառակ միջազգային ընտանիքի կողմից ընդունվելիք որոշման բացակայության, արևմտյան ուժերն ու ՆԱՏՕ-ն որոշել են պատժիչ գործողության իրականացումը:

Անվճռականության տեսքով հանդես է գալիս Սիրիայի հարցում մինչ այդ ավելի վճռորոշ դերակատարություն ստանձնած, տարածաշրջանում իր կարևորագույն հենարանը չկորցնելու տեղի չտալու վարքագծով հատկանշված Մոսկվան, որ մի քայլ առաջ, երկու քայլ հետ մարտավարական քայլեր է ցուցադրում աշխարհին: Եթե մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանը չի միջամտում Սիրիայի դեմ սանձազերծելի պատերազմին, մյուս կողմից զգուշացնում է նման նախաձեռնության դիմողներին անկանխատեսելի հետևանքներից:  Առանց առաջին բաժինը հայտարարելու, երկրորդ զգուշացումն է կատարում նաև շրջանային կարևոր ուժ Իրանը, որ այս դեպքում Սիրիայի մերձակա շրջանում, ի դեմս Հեզբոլլահի, ունի տեղակայված զորամիավորում: Հետաքրքիր է նաև Հեզբոլլահի հայտարարությունը այն առումով, որ եթե գործողությունները պիտի անցնեն սահմանափակվածության գծերը և վերածվեն գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխոթյան, այդ դեպքում Հեզբոլլահը ևս կներգրավի պատերազմին:

Մի պահ կենտրոնանանք հայտարարության այս բաժնի վրա, որ որոշակի մեկնաբանությունների դուռ է բացում: Հայտարարությունը փորձենք տարբաղադրել, սկսելով եզրակացության բաժնից: Հեզբոլլահը կներգրավվի պատերազմին և մասնակցություն կունենա, եթե գետնի վրա ուժերի հավասարակշռության փոփոխության միտող գործողություններ իրականան: Սա նշանակում է, այս անգամ նկատի ունենալով առաջին բաժինը, որ ըստ բանաձևված բնութագրի գործողությունները եթե լինեն սահմանափակ, պատժիչ, «դաստիարակիչ» կամ  կանխազգուշացնող, ապա Հեզբոլլահը չի ներգրավվի պատերազմին:

Ուղերձը խառն է և միանշանակ իմաստ չունի: Քանի որ, Հեզբոլլահը շրջանային պատերազմի ներգրավվելու մասին հայտարարություն  է կատարում միայն համաձայնաբար շրջանային գերուժ Իրանի հետ: Ուրեմն,  այստեղ խոսքը Իրանի ներգրավվածության պայմանականության մասին է: Իսկ Իրանը միաժամանակ ասում է այն, ինչ որ Ռուսաստանն է հայտարարում, այսինքն չի ներգրավվում պատերազմին, եթե վարչակարգի տապալումը չէ անմիջական նպատակը նրա: Չմոռանանք սակայն Իրանի զգուշացումը՝ անկանխատեսելի հետևանքներից:

Իսկ հիմա մտածենք նաև, որ եթե պատժիչ գործողությունները անկանխատեսելի հետևանքների ռիսկայնության բարձր հավանականությունը առանց չեզոքացնելու կդիմե՞ն քայլի: Չերևացող, լուռ համաձայնություններ կան այս բոլորի մեջ: Միջերկրականյան ծովերի խորքերը, Սիրիայի մերձակա ջրերում եթե մինչև հիմա Մոսկվային էր պատկանում ռազմանավեր տեղակայած լինելու մենաշնորհը, հիմա նաև ամերիկյան ռազմանավեր են ծփում ջրային միևնույն տարածքների վրա:

Երևույթները մտածելու տեղիք են տալիս, ուրեմն, որ Մոսկվայի և Իրանի միջին արևելյան կարևորագույն հենարանի նկատմամբ սահմանափակ գործողությունների իրականացման կանաչ լույսը կտրվի միայն կանխատեսելի հետևանքների տեսանելիության ապահովմամբ. գեթ այս հանգրվանին:

                                                                 

 

 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում