Գլխավոր Լրահոս

«Նախախորհրդարանն» առաջարկում է սիրիահայերին Հայաստան տարհանել

«Նախախորհրդարանն» առաջարկում է սիրիահայերին Հայաստան տարհանել

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով դատապարտել է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը` հայությանը կոչ անելով գործել «ազգային շահի գերակայության գիտակցմամբ»:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման հավանականության օրըստօրե մեծացման ֆոնի վրա էապես փոխվում է տարածաշրջանային զարգացումների հեռանկարը` մոտենալով տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի շեմին:

Նման իրավիճակը հղի է առաջին հերթին Սիրիայի, հնարավոր է նաև` տարածաշրջանի այլ երկրների բնակչության, այդ թվում` տեղի հայության համար հումանիտար աղետի սպառնալիքով:

Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվում է լքված պատանդի վիճակում:

Եթե սիրիական հակամարտության անցնող փուլերում Սիրիայի հայ բնակչության համար շատ առումներով առաջնային էին մնում կեցության և սննդի հարցերը, ապա ԱՄՆ-ի հարձակման, դրանով պայմանավորված` կառավարական զորքերի ու ապստամբների զորաշարժերի և բախումների էական ակտիվացման, ինչպես նաև խաժամուժի լիակատար սանձազերծման հետևանքով ամենայն հավանականությամբ առաջին պլանում կհայտնվի սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը:

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի շեմին դեռևս Սիրիայում ապրող` Դեր Զորից փրկված նախնիների տասնյակ հազարավոր զավակների ֆիզիկական գոյությունը կրկին վտանգված է:

Այս պատճառով այլևս ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային տարհանումը` ցանկալի է դեպի Հայաստան:

Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրահայ բոլոր առողջ ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսևորում և դրա արդյունավետ պարտադրում ապազգային վարչախմբին` նրա ձեռքի տակ եղած լծակները սիրահայության տարհանման ու դեպի Հայաստան փոխադրման խնդիրների լուծման համար:

Այս գործընթացը քիչ թե շատ հաջող կերպով կազմակերպելու պարագայում պետք է հաշվի առնել, որ սիրիահայերը Հայաստան են գալու որպես փախստականներ, ուստի հարկ կլինի ամեն կերպ ապահովել նրանց նկատմամբ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կիրառումը և ՄԱԿ-ի աջակցությունը:

Միևնույն ժամանակ պետք է նաև նկատի ունենալ, որ սիրիահայերը, որպես հայրենիք և իրավունքներ կորցրած նախնիների հետնորդներ, կարող են որևէ այլ, առաջին հերթին` իրենց հայրենակիցների իրավազորության տակ գտնվող տարածքում համատեղ ապրելու և իրենց իրավունքները վերականգնելու հավակնություն ունենալ, ինչը հիմք կտա նրանց բնակեցնելու նաև Արցախի ազատագրված տարածքներում:

«Նախախորհրդարանը» դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ և համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության տարհանումը դեպի հայրենիք»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում