Գլխավոր Լրահոս

Ամերիկյան «թայմ աութի» կանոնները. Շահան Գանտահարյան

Ամերիկյան «թայմ աութի» կանոնները. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ «Ամերիկյան «թայմ աութի» կանոնները» վերնագրով: Հոդվածը ներկայացված է ստորև:

Սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման միտող, կամ ավելի ճիշտ` ռազմական գործողությունների մեկնարկը առկախելու փորձ կատարող ռուսական նախաձեռնությանը, հստակորեն գեթ որոշակի հանգրվանի համար, հաջողվեց փոխել իրավիճակը: Համատարած տպավորություն և համոզում էր գոյացել այն մասին, որ ամերիկյան Կոնգրեսի քվեարկությունից անմիջապես հետո, նույնիսկ Սենատի քվեարկության ավարտին ռազմական գործողությունները պիտի մեկնարկեին սիրիական թիրախների ուղղությամբ: Հետաքրքրական զուգադիպությամբ ռազմական գործողությունների մեկնարկի թվականը, թեկուզ ոչ պաշտոնական, նախատեսվել էր սեպտեմբերի 11-ը, որ ամերիկյան տրամաբանությամբ պիտի խորհրդանշեր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի օրը…

Իհարկե, ռուսական նախաձեռնությունը թվականի և ներկայացման ժամանակի իմաստով ևս պատահականություն չէր։ Շատ շուտով պարզ դարձավ, որ նախաձեռնությունը համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ: Նախաձեռնության հրապարակմանը հաջորդեց համաձայնեցված երկրորդ հանգրվանը: Միացյալ Նահանգները հայտարարեցին «թայմ աութը»: Իսկ այստեղ, միջանկյալ ձևակերպումները հարգելու համար անմիջապես պետք էր Դամասկոսի ողջունումը, որն անշուշտ տեղին և ժամանակին կատարվեց:

Ամերիկյան «թայմ աութի» բացատրությունը երեկ տվեց նախագահ Օբաման։ Դրական շեշտադրումներով հագեցած բացատրողական էր, որի հիմնական միտքն այն էր, որ այս ամենում դիվանագիտական լուծումն է գերադասելի Միացյալ Նահանգների համար, թե ԱՄՆ-ը չպիտի միջամտի ներսիրիական պատերազմին, թե այս ամենի նպատակը զանգվածային ոչնչացման զենքերի չեզոքացումն է և բացառումը նման միջոցների օգտագործման:

Ճիշտ է, որ իբրև ռուսական համաձայնեցված նախաձեռնության արդյունք` ռազմական գործողությունները անժամկետ հետաձգվում են։ Մի քանի դիտարկում սակայն, պետք չէ բաց թողել, ամերիկյան «թայմ աութի» հիմնավորումների և դադարի այս հանգրվանի նախապատրաստությունում կատարված հայտարարությունների վրա բացվող լուսարձակները ամփոփ ձևով նշելու համար:

Ռուսական կոչը Դամասկոսին, հանձնելու համար քիմիական զենքի պահեստը միջազգային ընտանիքին, ինքնին փաստում է սիրիական իշխանությունների մոտ զանգվածային ոչնչացման նման միջոցների առկայությունը: Ավելի ճիշտ` այդ առկայության ռուսական հաստատումը: Ռուսական այս հաստատումը կատարվեց ճիշտ ՄԱԿ-ի փորձագետների հետազոտման արդյունքի հայտարարության  նախօրյակին: Դեռևս միջազգային մակարդակով չհաստատված, թե ով է քիմիական զենքերի օգտագործման հասցեատերը, Մոսկվան առաջարկում էր Դամասկոսին հանձնել քիմիական պաշարը:

Սա, իհարկե, բավարար էր քիմիական պաշարի առկայությունը փաստելու. բայց սրանով էլ չէր բավարարվում քիմիականի առկայության հաստատումը: Դամասկոսը ողջունեց ռուսական նախաձեռնությունը, ուղղակի-անուղղակի ինքնախոստովանելով  իր մոտ նման զինամթերքի առկայությունը:

Անշուշտ, այստեղ կա տրամաբանություն, որ նման զենքերի առկայությունը չի ենթադրում անպայման դրա օգտագործումը կամ օգտագործված լինելը: Մնանք սակայն գերտերությունների հայտարարությունների ճշտած տրամաբանության սահմաններում: Երբ օգտագործված քիմիականի ուղղությամբ ամբաստանությունները երկկողմանի էին, առնվազն ակնկալվում էր նաև հակառակորդ կողմին ևս պահանջ ներկայացնել քիմիական զենքի պահեստները հանձնելու միջազգային ընտանիքին: Կոչը կարելի էր ուղղել կողմերին, հանձնելու զանգվածային ոչնչացման միջոցները: Մանավանդ, երբ նույն այդ միջազգային ընտանիքը դեռեվս չէր եզրակացրել պատասխանատվության խնդիրը:

Ռուսական համաձայնեցված այս նախաձեռնությունը ենթահող պատրաստեց միջազգային փորձագիտական եզրակացության համար: Փորձագետները այլևս  հանգիստ կարող էին հայտարարել, թեև առանց ուղղակի փաստեր ունենալու, որ  կառավարական ուժերն են քիմիականի օգտատերերը: Սա էլ ռուսական առաջարկից, ամերիկյան «թայմ աութից» հետո համաձայնեցված ընդհանուր նախաձեռնության միջազգային երրորդ արարն էր:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում