Սիրիայի Հոմս նահանգում ավտոբուսի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, որի հետևանքով նվազագույնը 19 մարդ զոհվել է, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցչին։ Նրա իսկ տեղեկությունների համաձայն՝ նվազագույնը չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Պայթյունն իրականացվել է Ջբուրին բնակավայրում, որի բնակչության մեծ մասը ալաուիներ են։ Այս բնակավայրում ապրում են նաև քրիստոնյաներ և սուննիներ։
Թե ով և ինչու է հարձակման թիրախ ընտրել մարդատար ավտոբուսը, առայժմ հայտնի չէ։ Թե ով է նրանով երթևեկելիս եղել, նույնպես առայժմ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











