Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ից Սիրիայի հարցով վճռական բանաձև է պահանջում

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ից Սիրիայի հարցով վճռական բանաձև է պահանջում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) պետք է պատրաստ լինի հավանություն տալու Սիրիայի քիմիական զենքի հարցով պարտավորեցնող բանաձևի ընդունմանը, հաղորդում է BBC-ն։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի տվյալները հստակ ցույց են տալիս, որ Սիրիայում օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառել են կառավարական զորքերը։

«Միջազգային հանրության համար խիստ կարևոր է աշխարհը սիրիական քիմիական զենքից ազատելու գործողությունների հարցում հանդես գալ ամենակոշտ ձևակերպումներով,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։ - Մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհն այժմ հետևում է նրան՝ կկարողանանք արդյոք մենք խուսափել ռազմական միջամտությունից և խաղաղ քայլերի միջոցով հասնել անգամ ավելիին, քան ռազմական հարվածներն են խոստանում»։

Արևմտյան երկրները ձգտում են, որ սիրիական քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելու վերաբերյալ պայմանավորվածությունը, որ անցյալ շաբաթ Ժնևում ձեռք են բերել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ամրագրվի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևում, և որ այդ բանաձևը նախատեսի ուժի կիրառման հնարավորություն՝ պայմանավորվածության չկատարման դեպքում։

Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են հանդես գալիս այդպիսի բանաձևին։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը սեպտեմբերի 19-ին բրիտանական Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում քաղաքացիական պատերազմը փակուղի է մտել, և որ կառավարությունը կրակի դադարեցման կոչ կանի այն դեպքում, եթե Ժնևում սկսվեն խաղաղ բանակցություններ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այժմ Դամասկոսում է, որտեղ հանդիպումներ է ունենում սիրիացի պաշտոնատար անձանց և ընդդիմության որոշ ներկայացուցիչների հետ։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը հայտարարում են, որ կցանկանային ամրագրել քիմիական զենքի վերաբերյալ նախնական պայմանավորվածության հաջողությունը։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում