Հոկտեմբերի 1-ին Դամասկոս է ժամանում զինաթափման գծով միջազգային փորձագետների խումբը՝ սկսելու Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սիրիան հաստատեց, որ մտադիր է համագործակցել այս խմբի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սիրիական քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո՝ ի աջակցություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն առաջին անգամ է ստացել պատերազմի վիճակում գտնվող երկրում քիմիական սպառազինությունների ոչնչացման խնդրանք։
Վերլուծաբանները նշում են, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներին բարդ առաջադրանք է սպասվում։
Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալեմը հայտարարել է, որ պաշտոնապես ճանաչված 19 օբյեկտներից (որոնցում քիմիական զենք է տեղակայված) յոթը մարտական գործողությունների գոտում են։
Բեյրութում BBC-ի թղթակից Ջիմ Մյուիրը նշում է, որ փորձագետների համար հեշտ չի լինելու հասնել այդ շրջաններ․ նրանց անվտանգության ապահովման համար շատ դեպքերում կպահանջվեն լոկալ հրադադարներ։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները սեպտեմբերի 16-ին հրապարակեցին նախնական զեկույց, որում հաստատեցին, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում զարին գազ է օգտագործվել։
Համարվում է, որ Սիրիայի քիմիական զինանոցը ներառում է ավելի քան 1000 տ մարտական քիմիական նյութեր, որոնք պահվում են ռազմական տասնյակ օբյեկտներում։
Սեպտեմբերի 21-ին Սիրիան ռուս-ամերիկյան համաձայնության կատարման շրջանակում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը փոխանցեց իր քիմիական զինանոցի ամբողջական նկարագիրը։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները մտադիր են իրենց գործողությունների կազմակերպման հարցերը քննարկել Սիրիայի արտգործնախարարությունում, ապա այցելել նշված օբյեկտներն ու ուսումնասիրել դրանք։
Դրանից հետո փորձագետները ձեռնամուխ կլինեն թունավոր նյութերի խառնման և պատրաստման համար օգտագործվող սարքավորումների ոչնչացմանը։
Համաձայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ այս աշխատանքը պետք է ավարտվի մինչև նոյեմբեր։ Քիմիական սպառազինությունների մի մասը դուրս կբերվի Սիրիայի սահմաններից, սակայն դրանց մեծ մասը կոչնչացվի երկրի տարածքում։
Այդ բոլոր նյութերը պետք է ոչնչացվեն մինչև 2014թ․ կեսը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է կատարել քիմիական զինաթափման վերաբերյալ պայմանավորվածությունը։
Վաշինգտոնն ու Մոսկվան հույս ունեն օգտվել այն միաձայնությունից, որ ձեռք է բերվել քիմիական զենքի հարցում՝ սիրիական խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ Նրանք մտադիր են հասնել Ժնևում միջազգային խաղաղ համաժողովի գումարման։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առաջարկել է բանակցությունները սկսել արդեն նոյեմբերի կեսին։
Սակայն վերլուծաբանները նշում են, որ նախքան լուրջ ու պատասխանատու բանակցություններ սկսելը անհրաժեշտ է հաղթահարել ոչ քիչ խոչընդոտներ։
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











