Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մտադիր են միասին ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային համաժողովի՝ Ժնև-2-ի անցկացման ամսաթվի շուտափույթ նշանակման համար: Ժնև-2-ը հնարավոր է` կայանա նոյեմբերի առաջին շաբաթներին: Ինչպես հաղորդում է Euronews-ը, այս մասին հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարար և ԱՄՆ-ի պետքարտուղար Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին Բալիում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով: Քերիի խոսքով` վերջնական ամսաթիվը կախված կլինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնացի որոշումից:
«Ես չափազանց կարևոր եմ համարում այն, որ երեկ` կիրակի` ընդամենը մեկ շաբաթ անց բանաձևի ընդունումից, որոշ քիմիական զենք արդեն ոչնչացվել է: Եվ ես կարծում եմ, որ կան հիմքեր` վստահելու Ասադի վարչակարգին, որը պատրաստակամությամբ կատարում է իր պարտավորությունները»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` սեպտեմբերի 28-ին ընդունած բանաձևը Դամասկոսին պարտավորեցնում է մատչում տրամադրել քիմիական զենքի պահպանման և արտադրության օբյեկտներին, իսկ մինչև 2014թ. կեսը սիրիական քիմիական զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվի: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով` Սիրիայի իշխանություններն անթերի համագործակցում են միջազգային փորձագետների հետ. «Եվ ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ընդունվել է տասը օր առաջ, կիրագործվի բոլոր կողմերի, այդ թվում` Սիրիայի հարևան երկրների կողմից»:
Civilnet











