Սիրիայի ընդդիմության հիմնական քաղաքական ուժը` Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել «Ժնև-2»-ի առաջիկա բանակցություններին, որի նպատակը Սիրիայի ճգնաժամի կարգավորումն է:
Ինչպես հաղորդում է France Presse-ը, խորհուրդի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք կլքեն նաև ընդդիմության Ազգային կոալիցիան, եթե վերջինիս մասնակցի նույն բանակցություններին:
Սիրիայի ազգային խորհուրդը կոալիցիայի ամենախոշոր բլոկն է: «Ժնև-2»-ը նախատեսվում էանցկացնել մոտավորապես նոյեմբերին:
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











