Սիրիայում Կարմիր խաչի աշխատակիցների խումբ է առևանգվել։ Ինչպես հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով սիրիական SANA պետական գործակալությունը, Իդլիբ քաղաքի մերձակայքում զինված անձինք կանգնեցրել են առաքելության մեքենաները, կրակ են բացել, առևանգել են նրանց և տարել են անհայտ ուղղությամբ։
Ժնևում՝ Կարմիր խաչի կենտրոնակայանում, տեղեկացրել են, որ առևանգվել է կազմակերպության վեց աշխատակից և մեկ սիրիացի կամավոր սիրիական Կարմիր մահիկից։
Կարմիր խաչի ղեկավարությունը հիշեցրել է, որ բոլոր առևանգվածները մասնակցել են Սիրիայում մարդասիրական առաքելությանը, և առևանգիչներին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց։
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











