Սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային համաժողովի՝ Ժնև-2-ի անցկացումը հնարավոր չէ առանց Սիրիայում անցումային կառավարության ստեղծման, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Քերին հստակեցրել է, որ իր կարծիքով՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պետք է լքի պաշտոնը։
«Մեզ թվում է, որ նախագահ Ասադը կորցրել է մարդկանց համախմբման համար անհրաժեշտ լեգիտիմությունը։ Երկրում խաղաղության հաստատման համար անցումային կառավարություն է անհրաժեշտ»,- հայտարարել է Ջոն Քերին ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ հանդիպումից հետո։
Միաժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարը հույս է հայտնել, որ Ժնևում խաղաղ բանակցությունների անցկացման ամսաթիվը կնշանակվի հնարավորինս շուտ։
Ավելի վաղ Սիրիայի ազգային խորհուրդը՝ սիրիական ընդդիմադիր կոալիցիայի խոշորագույն խումբը, հրաժարվել էր խաղաղ համաժողովից այն պատճառով, որ Բաշար ալ Ասադը շարունակում է իշխանության մնալ։
ԱՄՆ-ը և Ռուսաստանը առաջարկում են Ժնևում խաղաղ համաժողովը անցկացնել նոյեմբերին։
Հիշեցնենք, որ Ժնևում Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ մայիսի սկզբին հանդես եկան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։
Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











