Սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և ՄԱԿ-ի մասնակիցները նոյեմբերի 5-ին հանդիպում կանցկացնեն Ժնևում` Սիրիայի հարցով միջազգային երկրորդ համաժողովի՝ Ժնև-2-ի, որը ծրագրված է նոյեմբերին, նախապատրաստման նպատակով, հաղորդում է Associated Press-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկին հստակեցրել է, որ նույն օրը` երեկոյան, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք` ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի` սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի միջնորդությամբ, կհանդիպեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հետ` քննարկելու խաղաղ համաժողովի անցկացումը:
Նեսիրկին նաև տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կնշանակի համաժողովի անցկացման ամսաթիվը:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան հայտարարել է, որ չի մասնակցի Ժնևի համաժողովին, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը չլինի նրա գլխավոր նպատակը. ընդդիմությունը երբեք չի համաձայնի, որ Ասադը իշխանության մնա:
Ինքը` Բաշար ալ Ասադը, լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և անգամ ասել է, որ մտադիր է Սիրիայի նախագահի պաշտոնում առաջադրվել 2014թ. նախագահական ընտրություններին: Ասադը հայտարարել է, որ այդ ընտրություններին չմասնալցելու որևէ պատճառ չի տեսնում:
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











