Սիրիայի Թել Աբյադ քաղաքում ծայրահեղականների հարձակման թիրախ է դարձել հայ առաքելական Սբ Խաչ եկեղեցին: Այս մասին հաղորդվում է Հալեպի Հայոց Առաջնորդարանի ֆեյսբուքյան «Բերիո լուրեր» էջը:
Ծայրահեղականները հրկիզել են եկեղեցին: Հրդեհի հետևանքով վնասվել է եկեղեցու ներքին կահավորանքը: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Թել Աբյադը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում`Թուրքիայի հետ սահմանին: Ինչպես նշված է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջում, Թել Աբյադը հայկական ավան է` հիմնված հայրենիքից բռնի տեղահանված հայերի կողմից:
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











