Սիրիայի Հալեպ քաղաքում անհայտ անձը սպանել է արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքի թղթակից Մուհամադ Սայիդին:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Սայիդը սպանվել է խլացուցիչ ատրճանակից արձակված կրակոցից Հալեպի Հրեյթան գյուղում:
Մուհամադ Սայիդը ծնունդով հալեպցի էր: Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է տարբեր լրատվամիջոցների հետ` պատրաստելով լուրեր և տեսանյութեր: Նրա գործունեության մեծ մասը բաժին է ընկել սիրիական հակամարտության շրջանին: Սայիդը հիմնականում լուսաբանում էր Սիրիայում տիրող մարդասիրական ճգնաժամը:
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











