Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայք էջում զետեղվել է նոր տեղեկատվություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին 22 երեխայի մոտ սուր թորշոմած կաթվածահարության (ՍԹԿ) խմբակային հիվանդացման վերաբերյալ, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Կատարվել է 10 երեխայի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներով բոլորի մոտ հայտնաբերվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտության արդյունքում կպարզվի, թե անջատված վիրուսները որտեղից են ներկրվել: Հիվանդ երեխաների մեծ մասը մինչև 2 տարեկան է։ Նրանք պատվաստված չեն պոլիոմիելիտի դեմ կամ թերի են պատվաստված: Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ենթակա երեխաների ընդգրկման հաշվարկային ցուցանիշը Սիրիայում 2010թ. 91%-ից մինչև 2012թ. նվազել է` դառնալով 68%: Ի դեպ, Սիրիայի Արաբական Հանրապետությունում 1999-ից ի վեր վայրի պոլիովիրուսներ չէին հայտնաբերվել:
Դեռ մինչև վարակի լաբորատոր հաստատումը Սիրիայի և հարևան երկրների առողջապահության ոլորտի ներկայացուցիչները բռնկման արագ արձագանքման համապարփակ հակահամաճարակային միջոցառումներ էին պլանավորվում: Հոկտեմբերի 24-ից Սիրայում սկսվել է լայնամասշտաբ լրացուցիչ պատվաստումների կամպանիա, որի ընթացքում մոտ 1.6 մլն երեխա պետք է պատվաստվի պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ:
Սիրիայի ողջ տարածքում և հարևան երկրներում նոյեմբերի սկզբներին մեկնարկելու է լայնածավալ պատվաստումների արշավ, որը նախատեսվում է ավարտին հասցնել վեց կամ ութ ամսվա ընթացքում՝ կախված համաճարակային իրավիճակի զարգացումից:
Նկատի ունենալով Սիրիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակը, և պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածության արդյունքում խոցելի խմբերի առկայությունը, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժը՝ առաջին տիպի վայրի պոլիովիրուսների հետագա միջազգային տարածման վտանգը շատ բարձր է:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Առողջապահության համշխարհային կազմակերպությունը բոլոր ճանապարհորդներին խորհուրդ է տալիս պոլիոմիելիտով ախտահարված տարածքներ մեկնելիս կամ այդ տարածքներից ժամանելիս պատվաստվել պոլիոմիելիտի դեմ:
Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայերի ներգաղթը ՀՀ, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:
Civilnet











