Սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, կկայանա միայն սիրիական ընդդիմության մասնակցության դեպքում, հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին Դամասկոսում տված մամուլի ասուլիսին:
«Եթե ընդդիմությունը չմասնակցի, համաժողով չի լինի»,- Բրահիմիի խոսքը մեջբերում է AFP-ն:
Միաժամանակ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացը BBC-ի հետ զրույցում ասել է, որ իր կարծիքով` համաժողովի նախապատրաստման գործում որոշակի առաջընթաց արդեն գրանցվել է: Սակայն նա վստահ չէ, որ համաժողովը կանցկացվի հենց նոյեմբերի 23-ին, ինչպես ծրագրվում էր:
Բրահիմին իր` Դամասկոս կատարած այցի արդյունքներով հայտարարել է, թե բնակիչներն ավելի ու ավելի են գիտակցում, որ խնդրի ռազմական լուծում չի կարող լինել, և ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ ելք, բացի Ժնև-2-ից, չեն տեսնում:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ընդդիմախոսների մեծ մասը, այդ թվում` Սիրիայի ընդդիմադիր հիմնական կոլաիցիայում առաջատար խմբավորումը` Սիրիայի ազգային խորհուրդը, հրաժարվում է բանակցություններ իրականացնել գործող վարչակարգի հետ:
Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Համաժողովն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել հունիսի սկզբին:
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











