Սիրիայում երկուսուկես տարի շարունակվող ճգնաժամի զոհ է դարձել ավելի քան 120 հազ. մարդ, հաղորդում է բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:
«2011թ. մարտի 18-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը մենք գրանցել ենք 120296 մարդու սպանություն»,- ասված է իրավապաշտպանների տարածած հաղորդագրությունում:
Նրանց տվյալների համաձայն` զոհերից 42,945-ը խաղաղ բնակիչներ են (այդ թվում` 6,365-ը` երեխաներ և 4,269-ը` կանայք), 18,122-ը` ապստամբ զինյալներ, 2,202-ը`դասալիք զինվորներ և սպաներ, 29,954-ը` կանոնավոր բանակի զինվորներ, 2,772-ը` անհայտ զոհեր (փաստագրված լուսանկարներով և տեսանյութերով), 5,375-ը` ոչ սիրիացի և անհայտ ապստամբներ (որոնց մեծ մասը սիրիացի չեն), 18,678-ը`Ժողովրդական կոմիտեների, Պաշտպանության ազգային ուժերի, կառավարամետ «շաբիհա» զինված խմբավորումների մարտիկներ և կառավարամետ լրտեսներ, 187-ը` լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալներ, 61-ը` ոչ սիրիացի շիա զինյալներ:
Syrian Observatory for Human Rights-ը նշում է, որ զոհերի իրական թիվը հնարավոր է` ավելին է, քանի որ տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր դեռ անհայտ են մնում:
Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











