Գլխավոր Լրահոս

Թեհրան-Արևմուտք նախամերձեցման փուլը և Անկարայի անհանգստությունը. Շ. Գանտահարյան

Թեհրան-Արևմուտք նախամերձեցման փուլը և Անկարայի անհանգստությունը. Շ. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Թեհրան-Արևմուտք նախամերձեցման փուլը և Անկարայի անհանգստությունը» վերնագրով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

Ժնև 2-ը գումարել-խափանելու պարանաձգությունը շարունակվում է: Առնչակից կողմերի  քաղաքական հայտարարությունները կարող են ամփոփել այն մթնոլորտը, ուր փորձ է կատարվում ճշտելու երկրների մասնակցության հարցը: 

Ճգնաժամային դիվանագիտության ժամանակավոր արդյունավորումը հանգեցրեց պատերազմական գործողությունների առկախման որոշմանը: Խորքում, դա այն ելքն էր, որ Մոսկվան հրամցրեց սահմանափակ, կարճաժամկետ, պատժիչ և դաստիարակիչ բնույթ ունեցող զինվորական հարվածի անխուսափելիություն հայտարարած Վաշինգտոնին:

Երևացածը, իհարկե, ռուս-ամերիկյան համաձայնությունն էր, որ երկուստեք ծառայեց դիմափրկմանը (ֆեյս սեյվինկ): Չերևացած, բայց ազդեցիկ բաժինը վերաբերում էր Թեհրանին: Չափավորական նախագահի ընտրությունը, Թեհրանից դեպի Վաշինգտոն ե’ւ փոխադարձաբար նախանշանային փոխասացությունները խոսում են Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների նոր հարթության ձևավորման մասին: 

Իսկ եթե մտաբերենք սիրիական ճգնաժամի սկզբնավորության հայտարարված Մոսկվա-Թեհրան-Դամասկոս առանցքի կազմաքանդման մասին հնչած մոտեցումները, կտարվենք մտածելու այդ առանցքից Թեհրանի ցուցաբերած  որոշ ճկունության, դեպի Արևմուտք և դեպի ԱՄՆ ուղղած նշանների և փոխադարձ համապատասխան հակազդեցությունների մասին: և պատահական չէ, որ Օբամա-Ռուհանի նամակագրական և հեռաձայնային կապերից հետո  օրակարգային թեմայի էր վերածվում Թեհրան-Վաշինգտոն թռիչքների վերսկսման հավանականությունը:  Նույնպես այն, որ Թեհրանի քաղաքապետարանի որոշմամբ հակաամերիկյան կարգախոսերը կվերացվեին Թեհրանի կենտրոնական փողոցներից։ Կամ բանակցություններ կսկսվեին Լոնդոն-Թեհրան դիվանագիտական հարաբերությունների վերաբնականոնացման նպատակով:

Թեհրան-Արևմուտք մերձեցման մասին խոսելը թվում է թե վաղ է. այսուհանդերձ չի կարելի անտեսել այն զարգացումները, որոնք հրապարակային բնույթ ունեն և կարող են տարածաշրջանում վերահաշվարկումների դուռ բացել: 

Թվում է, թե նախամերձեցման այս փուլը անհանգստացրել է Անկարային, որին դերակատարություն էր վերապահվել Մոսկվա-Թեհրան-Դամասկոս ռազմավարական գծի դիմաց հակաառանցքային դեր վերցնելու:  Ռուս-ամերիկյան թեկուզ ժամանակավոր համաձայնությունն ու մանավանդ Թեհրանի ցուցաբերած որոշակի ճկնունությունը Անկարայի դերի աստիճանի նվազում ենթադրող երևույթներ են:

Ամերիկյան մամուլն արդեն արտահայտվում է այս մասին. ավելի մասնակիորեն՝ Թուրքիայի առ նվազն ոչ նախկին դերակատարությունը լույսի բերելով: ՆԱՏՕ-ի պաշտոնատարներն Անկարայի դերակատարությունը խնդրո առարկա են դարձնում՝ հարց տալով, թե ծայրահեղ իսլամականությանը զորակցելով Թուրքիան ի՞նչ դեր է փորձում վերապահել իրեն:

Կտրուկ շրջադարձներ չեն գրանցվել տակավին. և սա քաղաքականորեն հասկանալի է իհարկե: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շարունակում է շեշտել, որ պատերազմի արհավիրքի վերացումը չի պայմանավորվում քիմիական զինաթափումով: Մինչ, Մոսկվան իր դիրքորոշումը հստակացնում է, որ նախագահականի հրաժարականով չի պայանավորվում Ժնև 2-ի կայացումը:

Ռուս-ամերիկյան այս պայմանականությունների բարձրաձայնումը  կարող է զուտ հայտարարողական բնույթ ունենալ: Փաստը մնում է փաստ, որ զինվորական գործողությունները շարունակում են մնալ առկախված: Մինչ դիվանագիտությունը աշխատում է նոր համաձայնությունների հանգելու համար: 

Իրանյան գործոնի հետ հաշվի նստելու, Թեհրան-Արևմուտք նոր էջ բացելու միտող երևույթների դիմաց վերահաշվարկներ կատարելու իրականությունները կմղեն մտածելու Անկարայի դերի նվազեցման մասին: Մինչ այդ սակայն միջազգային ընտանիքը պիտի նկատի և համապատասխան դիրքորոշում ունենա Անկարայի կողմից զինվող և ֆինանսավորվող ծայրահեղ տարրրերի նկատմամբ, որոնց համար նա  սովոր է օգտագործել «միջազգային ահաբեկիչներ» եզրը:

 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում