Դամասկոսում հայ երեխա է զոհվել: Ինչպես հաղորդում է Դամասկոսում լիբանանյան «Ազդակ» օրաթերթի թղթակիցը, նոյեմբերի 11-ին Սիրիայի մայրաքաղաքի Բաբ Շարկի թաղամասում գտնուվող Սբ Սարգիս հայկական եկեղեցուն կից Ազգային Սբ Թարգմանչաց ճեմարանի աշակերտների` ճեմարանից դուրս գալու պահին դռան առջև կանգնած ավտոբուսի մոտ հրթիռ է ընկել, ինչը հանգեցրել է զոհերի և տասնյակ վիրավորների:
Զոհերի թվում է 6-ամյա հայ աշակերտ Հովհաննես Աթոքանյանը, իսկ վիրավորների մեջ կան մի քանի հայ աշակերտներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց` համապատասխան բուժում ստանալու համար:
Ինչպես հաղորդում է «Դամասկոսահայ լրատու» ֆեյսբուքյան էջը, Դամասոսկի Ազգային միացյալ վարժարանը սուգ է հայտարարել և նոյեմբերի 12-ին փակ է լինելու` ի հիշատակ Ազգային Սբ Թարգմանչաց ճեմարանի տխուր պատահարի զոհերի:
Դամասկոսի Սբ Թարգմանչաց ճեմարանը նույնպես սուգ է հայտարարել և երեք օր չի գործելու:
Civilnet











