Բեյրութից Հալեպ մեկնող երկու ավտոբուսներ նոյեմբերի 12-ին և 14-ին Լիբանանի տարածքում հարձակման են ենթարկվել զինյալների կողմից, հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը:
Լիբանանի Տրիպոլի քաղաքում զինյալների խմբերն ավտոբուսներին ստիպել են կանգ առնել։ Նրանք կողոպտել են բոլոր ուղևորներին՝ վերցրելով նրանց փաստաթղթերը, բջջայինները և այլ իրեր։
Հիշեցնենք, նոյեմբերի 14-ին՝ Հալեպի կենտրոնում՝ Մունշիեի շրջանում, հացի փռի մոտ հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել էր ազգությամբ հայ, 1966թ․ ծնված Գևորգ Պողոսյանը։ Իսկ նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ենթարկվել էր հրթիռահոծման, որի հետևանքով վիրավորվել էր 5 հայ՝ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ջորջ Գևորգը, Տիգրան Մանուկյանը։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











