Սիրիայում յոթ հիմնական իսլամիստական ապստամբական խմբավորումներ որոշել են միավորվել մեկ ճակատում՝ վերջին շաբաթներին մի քանի հաջող հարձակումներ իրագործած կառավարական զորքերի դեմ պայքարն ակտիվացնելու համար, հաղորդում է BBC-ն։
Իրենց տեսաուղերձում ապստամբները հայտարարել են, որ «Ահրար աշ Շամ», «Ջեյշ ալ Իսլամ», «Սուքուր աշ Շամ», «Լիվա աթ Թաուհիդ», «Լիվա ալ Հաք», «Անսար աշ Շամ» և «Քրդական իսլամական ճակատ» խմբավարումները համաձայնել են «աստիճանական միաձուլման»։
Նոր միավորումը կոչվելու է «Իսլամական ճակատ»։
Նշվում է, որ «Իսլամական ճակատը» լինելու է «քաղաքական, ռազմական և սոցիալական անկախ միավորում»՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու և իսլամիստական պետություն ստեղծելու նպատակով։
Յոթ խմբավորումները հայտարարել են, որ իրենք ձևավորում են ապստամբների դեռևս ամենամեծ դաշինքը երկուսուկես տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում։
Ապստամբները մտադիր են ստեղծել հրամանատարական նոր կառուցվածք, որում հանգուցային պաշտոնները կբաշխվեն բոլոր յոթ խմբավորումների առաջնորդների միջև։
«Իսլամական ճակատի» ձևավորումը հաջորդել է «Լիվա աթ Թաուհիդի» առաջնորդ Աբդ ալ Քադիր աս Սալեհի մահվանը նոյեմբերի 18-ին։ Նա մահացու վիարվորվել էր կառավարական ուժերի օդային ռմբակոծման հետևանքով։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











