Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունները, որ ծրագրված են 2014թ․ հունվարին, ժամանակավոր կառավարություն ձևավորելու «լավագույն հնարավորություն» են, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նրա խոսքերը հնչել են կարճ ժամանակ անց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հայտարարությունից, որը տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը Ժնևում կայանալու է 2014թ․ հունվարի 22-ին։
Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին մասնակցում են ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնք ամիսներ շարունակ հակամարտության կողմերին կոչ են անում նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ով կարող է Շվեյցարիայի հանդիպմանը ներկայացնել հակամարտող կողներին։
Սիրիական ընդդիմությունը չի կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է ներկայացնի ընդդիմությունը բանակցություններում։ Ընդ որում՝ վարչակարգի հակառակորդները միակարծիք են այն հարցում, որ նախագահ Բաշար ալ Ասադը պետք է լքի իր պաշտոնը։
Սակայն կառավարությունը պնդում է, որ նախապայմաններ չպետք է լինեն։
ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է, որ Ժնևի բանակցությունները կարող են նպաստել Սիրիայում հակամարտության դադարեցմանը։
Սակայն նա նախազգուշացրել է․ «Մենք գիտենք, որ քաղաքական լուծման ճանապարհին կան բազմաթիվ խոչընդոտներ»։
Քերին ասել է, որ Վաշինգտոնը «կշարունակի ՄԱԿ-ի և գործընկերների հետ փոխգործակցել դեռևս բաց մնացող հարցերի շուրջ՝ որ երկրները պետք է մասնակցեն բանակցություններին, և ինչ հարցեր պետք է լինեն օրակարգում»։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











