Սիրիայի իշխանությունները սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել, սակայն մտադիր չեն դիտարկել երկրի ներկայիս նախագահ Բաշար ալ Ասադի՝ իր պաշտոնը լքելու պահանջը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները։
«Սիրիայի պաշտոնական պատվիրակությունը Ժնև է մեկնում ոչ իշխանությունը այնտեղ զիջելու»,- սիրիական SANA պետական գործակալությանն ասել է Սիրիայի արտգործնախարարության աղբյուրը։
Բացի այդ՝ գործակալության աղբյուրը նշել է, որ կառավարության պատվաիրակությունը ժնևյան բանակցությունների ժամանակ կփոխանցի «սիրիացի ժողովրդի ցանկությունները՝ նախևառաջ՝ ահաբեկչության չեզոքացումը»։
Նախօրեին ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը՝ ապստամբների խոշորագույն միավորումներից մեկը, հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները չեն մասնակցելու Ժնևի բանակցություններին, այլ փոխարենը շարունակելու են Բաշար ալ Ասադի տապալմանն ուղղված պայքարը։
Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարց, որ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, կգումարվի 2014թ. հունվարի 22-ին։
Սիրիական ընդդիմությունը չի կարողանում համաձայնության գալ, թե բանակցություններին ով պետք է ներկայացնի ընդդիմությանը։
Ընդ որում՝ վարչակարգի հակառակորդները միակարծիք են այն հարցում, որ Բաշար ալ Ասադը պետք է լքի իր պաշտոնը։
Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր այն անցկացնել հունիսի սկզբին։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











