Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան հայտարարել է, որ կմասնակցի Ժնևում 2014թ. հունվարին ծրագրված խաղաղ բանակցություններին: Նախկինում նա մի շարք նախապայմաններ էր առաջ քաշում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ջարբան հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի աջակցությամբ գումարվող համաժողովը կհանգեցնի Սիրիայում քաղաքական իշխանության խաղաղ փոխանցման:
Բաշար ալ Ասադի կառավարությունը նույնպես համաձայնել է մասնակցել ժնևյան բանակցություններին, սակայն նախազգուշացնում է, որ մտադիր չէ իշխանությունը հանձնել ապստամբներին:
Սիրիայում կռվող ապստամբական խմբավորումներից որևէ մեկն առայժմ չի հայտարարել Ժնև մեկնելու ծրագրերի մասին:
Սիրիայի ազատ բանակը՝ ապստամբների խոշորագույն միավորումներից մեկը, հայտարարել է, որ իր ներկայացուցիչները չեն մասնակցելու Ժնևի բանակցություններին, այլ փոխարենը շարունակելու են Բաշար ալ Ասադի տապալմանն ուղղված պայքարը։
Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարեց, որ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, կգումարվի 2014թ. հունվարի 22-ին։
Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր այն անցկացնել հունիսի սկզբին։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











